ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ferrari-ն ներկայացրել է ռետրո ոճի նոր սպորտային մոդել:
14 Նոյեմբեր 2019
Կայացել է մինիմալիստական դիզայնով առանձնացող երկտեղանի Ferrari Roma կուպեի նորամուտը: Բացառված չէ, որ լայն հասարակությանը այն կներկայացվի հաջորդ շաբաթ Լոս-Անջելեսում կայանալիք ավտոսրահում: Ակնկալվում է, որ Roma-ն մի փոքր ավելի թանկ կլինի, քան Portofino մոդելը, որը Եվրոպայում սպառողներին է առաջարկվում 190 000 եվրոյից սկսած արժեքով:
Ferrari Roma-ն դասվում է կոմպակտ մոդելների շարքին: Դրա երկարությունը 4656 միլիմետր է, լայնությունը՝ 1974 մմ, իսկ բարձրությունը՝ 1301 միլիմետր: Նոր կուպեն 70 միլիմետրով ավելի երկար է, 36 միլիմետրով ավելի լայն, ու 17 միլիմետրով ավելի ցածր, քան Portofino-ն, և միևնույն ժամանակ՝ 80 կիլոգրամով ավելի թեթև: Բարձված զանգվածը ընդամենը 1472 կիլոգրամ է:
Մեքենան սարքավորված է 3,9-լիտրանոց V8 տուրբոշարժիչով, որը չորս անգամ հաղթել է «Տարվա շարժիչ» մրցույթում: Roma-ի վրա այն զարգացնում է մինչև 620 ձ.ուժ հզորություն և 760 Նմ ոլորող մոմենտ: Ի տարբերություն Portofino-ի, որը սարքավորվում է յոթաստիճան «ռոբոտով», Roma-ին բաժին է հասել առաջադեմ ութաստիճան երկկցորդանի փոխանցումատուփ, որը արդեն իսկ կիրառվում է SF90 Stradale մոդելի վրա: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը կուպեն զարգացնում է 3,4 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը գերազանցում է 320 կմ/ժ:
Roma-ի արտաքինը հիշեցնում է 1950-1960-ականների դասական մոդելները՝ Ferrari 250 GT Berlinetta Lusso-ն և 250 GT 2+2-ը: Ռետրո ոճով են իրականացված ռադիատորի ճաղավանդակը և առջևի կողաթևերի վրա տեղադրված շրջադարձի կլոր ցուցիչները: Միևնույն ժամանակ Roma-ի հետնամասում աչքի են զառնում լուսադիդային լապտերները: Առջևի լուսարձակները ադապտիվ են:
Ferrari Roma-ն առանձնանում է գրեթե հեղափոխական ինտերիերով: Մոդելը ստացել է սարքավորումների՝ ամբողջովին թվային վահանակ, ուղղաձիգ տեղեկատվական ժամանցային համակարգ, հատուկ դիզայնով կենտրոնական բարձակ, որը բաժանում է վարորդին և ուղևորին, ինչպես նաև փոխանցումատուփի եռահատված փոխարկիչ: Ուղևորի առջև գտնվում է առանձին սենսորային էկրան, որի օգնությամբ կարելի է կարգավորել կլիմատ-կոնտրոլ համակարգն ու կառավարել աուդիոհամակարգը: Գնորդը կարող է ընտրել լրամշակման անհատական նյութեր, կաշվի և ալկանտարայի համադրություն, ինչպես նաև անհատականացնել ինտերիերը մետաղական և սնդուսափայլ լրացուցիչ տարրերով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: