Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիբրիդային Ferrari SF90 Stradale՝ ամենահզոր ճանապարհային մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
31 Մայիս 2019

Ferrari ընկերությունը ներկայացրել է իր պատմության մեջ ամենահզոր ճանապարհային մոդելը, որը միևնույն ժամանակ առաջին լիցքավորվող հիբրիդն է մոդելային շարքում՝ SF90 Stradale անվանմամբ: Տառերի և թվերի համադրությունը հիշեցնում է 90-ականներին անհաղթելի  Scuderia Ferrari մրցարշավային թիմի մասին, իսկ Stradale անվանումը մատնանշում է այն հանգամանքը, որ ավտոմեքենան նախատեսված է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար: 


Ferrari SF90 Stradale-ն կոչված է դառնալ մակնիշի առաջատար մոդելը: Այդ մասին են վկայում ոչ միայն տեխնիկական բնութագրերը, այլև դիզայնը, որը F8 Tributo-ի տրամաբանական շարունակությունն է: Երկդռնանի ավտոմեքենայի կերպարը ստեղծում են կարճ ցվիքները, թափարգելի վերին մասով անցնող արտանետման խողովակներն ու առաջին անգամ Ferrari-ի համար կիրառված մատրիցային լուսադիոդային լուսարձակները: 



SF90 Stradale մոդելի ուժային ագրեգատի անաբաժնելի մաս է V8 բիտուրբո շարժիչը, որը տեղադրվում է նաև F8 Tributo-ի վրա, սակայն SF90 Stradale-ի համար այն զգալիորեն արդիականացվել է:  Աշխատանքային ծավալը հասցվել է 4,0 լիտրի, իսկ հզորությունը՝ 780 ձ.ուժ (800 Նմ ոլորող մոմենտով): Բացի այդ ավտոմեքենան սարքավորվում է ընդհանուր 220 ձ.ուժ հզորությամբ երեք էլեկտրական շարժիչներով: Դրանցից մեկը տեղադրված է շարժիչի և փոխանցումատուփի միջև, մյուս երկուսը՝ առջևի սռնիի վրա: Էլեկտրական շարժիչներից յուրաքանչյուրը կարող է անհատականորեն կառավարել մոմենտի մատակարարումը և դրանով իսկ փոխել քարշուժի վեկտորը:   



Արդիականացվել է նաև փոխանցման տուփը: Այժմ դա 8-աստիճան ռոբոտ է ՝ երկու կցորդիչներով: Այն 10 կիլոգրամով ավելի թեթև է նախորդ տարբերակից և չունի հետընթաց փոխանցում: Դեպի հետ շարժումը կարելի է իրականացնել միայն eDrive ռեժիմում՝ առջևի էլեկտրական շարժիչների շնորհիվ: Զրոյից 100կմ/ժ թափառքը Ferrari SF90 Stradale-ն կատարում է 2,5 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագության հասնելու համար ծախսում է 6,7 վայրկյան: Հիպերկարի առավելագույն արագությունը 340 կմ/ժ է, իսկ 7,9 կՎտժ տարողունակությամբ մարտկոցի շնորհիվ այն կարող է ամբողջովին էլեկտրական քարշակմամբ անցնել շուրջ 25 կմ:  



SF90 Stradale-ի սրահում տեղադրված է դեպի վարորդը շրջված 16-դյույմանոց դիսփլեյ: Բացի այդ այլ սենսորային վահանակի օգնությամբ կարելի է կառավարել կլիմատ-կոնտրոլ համակարգը: Նախատեսված են նաև սենսորային կոճակներ ղեկի վրա, պրոյեկցիոն դիսփլեյ, իսկ փոխանցումատուփի լծակը նմանեցված է անցյալի մեքենաների լծակներին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio