ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրական Mercedes-Benz EQC-ն վերածել են ամենագնացի:
11 Հոկտեմբեր 2020
Mercedes-Benz ընկերության ինժեներներից կազմված փոքր թիմը ներկայացրել է հատուկ արտաճանապարհային պայմանների համար նախատեսված Mercedes-Benz EQC մոդելի հատուկ մոդիֆիկացիա: Փորձարարական ավտոմեքենան ստացել է Mercedes-Benz EQC 4x4² անվանումը, սակայն դրա՝ սերիական դառնալու հեռանկարները դեռևս մշուշոտ են: Այս մասին է հաղորդում caradvice հանդեսը:
Նախագծի հիմքում ընկած է սերիական EQC 400 4Matic մոդելը, ընդ որում ուժային ագրեգատը մնացել է անփոփոխ: Քրոսովերը սարքավորված է երկու էլեկտրական շարժիչներով՝ ընդհանուր 408 ձ.ուժ հզորությամբ և 765 Նմ ոլորող մոմենտով: Շարժիչները սնվում են ընդհանուր 80 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցներից, որոնք տեղադրված են հատակի տակ:
Հիմնական փոփոխությունները առնչվում են ավտոմեքենայի անկախ կախոցին, որը համալրվել է նոր մեղմիչներով և լծակներով: Ավտոմեքենայի լուսածերպը մեծացել է 151 միլիմետրով և կազմում է 293 մմ, ինչը 58 մմ ավելին է, քան ստանդարտ G-Class ամենագնացի ցուցանիշը: Ուղեմուտքի անկյունը հասցվել է 31,8 աստիճանի (+11.2 աստիճան), իսկ վայրէջքինը` 33 աստիճանի (+20 աստիճան): Այս ամենից զատ ամենագնաց EQC-ն կարող է հաղթահարել մինչև 400 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ:
Այլ փոփոխությունների թվում հիշատակման են արժանի ավելի լայն անվամեջը, հատակի լրացուցիչ պաշտպանությունը, ինչպես նաև հին R-Class-ից փոխառած և Cooper Zeon անվադողերով լրացված 20-դյույմանոց անվասկավառակները: Դրանք ծածկված են նոր անվակամարներով, որոնք նախագծվել են հատուկ այն նախատիպի համար: Էլեկտրական քրոսովերը ստացել է նաև ընթացքի երկու լրացուցիչ ռեժիմ՝ Offroad և Offroad Plus, որոնք ապահովում են ավելի հստակ կառավարում արտաճանապարհային պայմաններում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: