ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Honda Ridgeline պիքապի նորացված տարբերակը:
07 Հոկտեմբեր 2020
Երկրորդ սերնդի Honda Ridgeline-ը ենթարկվել է պլանային թարմացման: Ռեսթայլինգային մեքենաները կարելի է հեշտ ճանաչել ռադիատորի ճաղավանդակից և արտանետման խողովակների ընդգծված վերդիրներից: Ինչպես և նախկինում պիքապը հասանելի է ինչպես առջևի քարշակմաբ, այդպես էլ՝ լիաքարշ տարբերակով:
Honda Ridgeline-ն այսուհետ կառանձնանա ամբողջովին նոր առաջնամասով: Զրոյից են նախագծվել մինչև առջևի կանգնակների հատվածում օգտագործված մետաղական դրոշմոտված տարրերը և պլաստիկ մասերը, այդ թվում կապոտը, քառակուսի անվակամարներով կողաթևերն ու լուսադիոդային լուսարձակները: Լուսարձակները միմյանց միացնող ժապավենի լրամշակումը կախված է համալրումից. Sport և Black Edition տարբերակում այն սնդուսափայլ սև է, իսկ RTL և RTL-E մոդիֆիկացիաների համար՝ քրոմապատ: Աերոդինամիկան բարելավում է նորացված թափարգելը՝ լայն կողային ճեղքվածքներով:
Բոլոր Ridgeline-ները սարքավորվում են 18-դյույմանոց անվասկավառակներով, իսկ հավելավճարի դիմաց հասանելի կլինի նաև HPD Package թյունինգային փաթեթը: Այն ներառում է այլ դիզայնով ռադիատորի ճաղավանդակ, անվակամարների սև վերդիրներ, բրոնզագույն անվահեծեր և բեռնահարթակի հատվածի հատուկ ձևավորում: Սրահի փոփոխությունները ներառում են նոր Display Audio մուլտիմեդիա համակարգ, նստատեղերի նոր լրամշակում, ինչպես նաև առջևի վահանակի, ղեկի և կենտրոնական բարձակի հատուկ դեկորատիվ տարրեր, որոնք հասանելի կլինեն Sport, RTL և RT մոդիֆիկացիաների համար:
Տեխնիկական առումով ոչ մի փոփոխություն հայտարարված չէ: Պիքապն առաջարկվում է բացառապես 3,5 լիտր ծավալով բենզինային V6 շարժիչով, որը զարգացնում է 284 ձ.ուժ հզորություն և 355 Նմ ոլորող մոմենտ և համակցվում 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Բազային մոդիֆիկացիաները հասանելի են միայն առջևի քարշակմամբ, իսկ բարձրների համար հասանելի է i-VTM4 լիաքարշ համակարգը, որը տեղադրվում է նաև Honda Pilot ամենագնացի վրա:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: