ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել են նոր սերնդի Logan և Sandero մոդելները:
01 Հոկտեմբեր 2020
Renault Խմբի մաս կազմող Dacia ընկերությունը ներկայացրել է Logan, Sandero և Sandero Stepway մոդելների նորացված տարբերակները: Բյուջետային ավտոմեքենաները ստացել են նոր հենահարթակ, փոփոխվել են արտաքինից և ներսից, իսկ շարժիչների շարքից դուրս է մնացել 1,5 լիտր ծավալով տուրբոդիզելային ագրեգատը:
Logan-ի և Sandero-ի հիմքում այսուհետ ընկած կլինի CMF-B հենահարթակը, որը, մասնավորապես, կիրառվում է եվրոպական Renault Clio-ի վրա: Այդ պատճառով փոխվել են Logan-ի գաբարիտները՝ այն երկարել է 50 միլիմետրով (4396 մմ), իսկ լայնությունը հասցվել է մինչև 1848 մմ նախկին 1733 միլիմետրի փոխարեն: Տասնհինգ միլիմետրով մեծացել է նաև մոդելի անվային բազան, որն այժմ հավասար է 2649 միլիմետրի: Արտաքին փոփոխություններից կարելի է հիշատակել նաև նոր լուսադիոդային օպտիկան՝ ցերեկային ընթացքի Y-աձև կրակներով, հակամառախուղային լուսարձակներով սարքավորված կլորավուն թափարգելները, քրոմապատ տարրերով ռադիատորի ճաղավանդակն ու ռելիեֆային կապոտը:
Սրահում նկատելի են առջևի վահանակի նոր կառուցվածքը, մուլտիմեդիա համակարգի 7-դույմանոց հպումային էկրանը, սմարթֆոնի ամրանը, կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման նոր բլոկը և նոր դիզայնով սարքավորումների վահանակը: Մեքենան սարքավորվում է անվտանգության վեց բարձիկով, վթարային արգելակման համակարգով, ինչպես նաև փրկարար ծառայությունների հետ կապի էլեկտրոնային միջոցով՝ eCall (ЭРA-ГЛОНАСС համակարգի եվրոպական անալոգ):
Եվրոպայում երրորդ սերնդի Dacia Logan և Sandero մոդելները կառաջարկվեն 65, 90 և 100 ձ.ուժ հզորությամբ շարժիչներով, ընդ որում ամենահզոր տարբերակը աշխատում է գազով: Ամենաթույլ շարժիչը կհամակցվի 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, միջին ագրեգատի համար հասանելի կլինեն 6-աստիճան մեխանիկական և վարիատորային CVT փոխանցումատուփեր, իսկ 100 ձ.ուժ հզորությամբ շարժիչին բաժին է ընկել բացառապես 6-աստիճան մեխանիկան:
Նորույթները վաճառքի կհանվեն մոտակա ամիսներին, այդ ժամանակ էլ կհայտարարվեն գները: Ակնկալվում է, որ Հայաստանում վաճառվող Renault Logan-ը ևս կարող է անցում կատարել CMF-B հենահարթակին և ստանալ նույն արտաքին փոփոխությունները: Մինչ այդ, ներկայիս սերնդի Logan և Sandero մոդելները կարելի է ձեռք բերել Renault-ի պաշտոնական սրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: