ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը ներկայացրել է ջրածնային բեռնատար մոդել: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 Սեպտեմբեր 2020
Գերմանական Dailmer կոնցերնը ցուցադրել է Mercedes-Benz GenH2 մոդելը՝ մակնիշի առաջին բեռնատար ավտոմեքենան, որն աշխատում է վառելիքային մարտկոցներով: Նորույթը հանդես է գալիս դեռևս որպես կոնցեպտ, սակայն ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը հնարավոր կլինի սկսել նաև դրա սերիական արտադրությունը:
Mercedes-Benz-ը բնութագրում է նորույթը որպես ծանր, գերամուր քարշակ, որը նախատեսված է մեծ տարածություններով բեռներ տեղափոխելու համար: GenH2-ի ամբողջական զանգվածը կազմում է 40 տոննա, իսկ բեռնատարողությունը՝ 25 տոննա, ինչը համեմատելի է ավանդական ներքին այրման շարժիչով աշխատող Mercedes-Benz Actros բեռնատարի ցուցանիշների հետ:
GenH2-ը սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչով, որոնցից յուրաքանչյուրի պիկային ռեժիմում զարգացնում է մինչև 449 ձ.ուժ հզորություն և 2071 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչների աշխատանքային հզորությունը էապես ավելի ցածր է՝ կազմելով 312 ձ.ուժ (1577 Նմ) յուրաքանչյուրի համար: Ագրեգատները սնվում են 300 կՎտ հզորությամբ վառելիքային մարտկոցների համակարգից և ժամանակավորապես լրացուցիչ 400 կՎտ հզորություն ապահովող կուտակիչ մարտկոցից:
Այս կուտակիչը նախատեսված է, ինչպես նշում են ընկերությունում, «վառելիքային տարրերի հզորության իրավիճակային օժանդակման համար, օրինակ, արագացման ժամանակ կամ ամբողջովին բարձված վիճակում զառիվեր շարժվելիս:» Հեղուկ ջրածինը պահելու համար նախատեսված է երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը մինչև 40 կիլոգրամ տարողությամբ: Այս քանակությունը, ըստ Daimler-ի, բավարար կլինի մեկ լիցքավորումով մինչև 1000 կմ հաղթահարելու համար:
Բացի նորարարական GenH2-ից, ընկերությունը ներկայացրել է նաև էլեկտրական eActros LongHaul բեռնատարի նախատիպը, որի արտադրությունը կմեկնարկի արդեն 2024 թվականին և որը կկարողանա մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 500 կմ: Իսկ արդեն հաջորդ տարի կսկսվի ավելի համեստ բնութագրերով էլեկտրական Actros-ի սերիական թողարկումը: Առանց LongHaul մակնիշման eActros-ը խոստանում է մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 200 կիլոմետր:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: