ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր սերնդի Jaguar F-Pace՝ մակնիշի նոր դեմքը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Սեպտեմբեր 2020
Բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է մոդելային շարքի առաջին քրոսովերի՝ F-Pace մոդելի նորացված տարբերակը: Բացի ավելի ժամանակակից արտաքինից, մեքենան ստացել է լիովին նոր ինտերիեր, ինչպես նաև ուժային ագրեգատների նոր շարք, որը ներառում է Ingenium ընտանիքի նորագույն շարժիչները: Առաջին անգամ մոդելի համար կառաջարկվի նաև հզոր հիբրիդային մոդիֆիկացիա: Ակնկալվում է, որ Հայաստանում մոդելը հասանելի կլինի 2021 թվականի երկրորդ կեսից:
Արտաքին փոփոխությունները բավականին լուրջ են: Մեքենան ստացել է նոր պլաստիկ տարրեր, ներառյալ թափարգելներն ու օպտիկայի որոշ մասեր, ինչպես նաև դրոշմված արտաքին պանելներ, այդ թվում՝ կապոտն ու հետևի դուռը: Ռեսթայլինգի արդյունքում վերացվել է առաջին սերնդի հիմնական առանձնահատկություններից մեկը՝ կապոտի և առջևի թափարգելի հատման գիծը: Նոր մոդելի կապոտը իջնում է ավելի ներքև՝ ստանալով նաև լավ արտահայտված կորագիծ: Առջևի լուսարձակները այսուհետ կլինեն մատրիցային: Նկատելի թարմացվել է նաև ռադիատորի ճաղավանդակի, ինչպես նաև բեռնախցիկի դռան դիզայնը:
Նոր F-Pace-ի սրահում առանձնանում է սարքավորումների լիովոին նոր, երկգույն վահանակը, որը հիշեցնում է ներկայիս Range Rover մոդելների լուծումները: Ավտոմատ փոխանցումատուփի կառավարման տափօղակը փոխարինվել է ավելի ավանդական լծակը, որը տեղ է զբաղեցրել կենտրոնական բարձակի վրա, իսկ տափօղակով կարելի կլինի կառավարել ընթացային ռեժիմների աշխատանքը:
Ինտերիերում գլխավոր դիրք է զբաղեցնում Pivi Pro մուլտիմեդիա համակարգի 11,4-դյույմանոց սենսորային էկրանը: Ֆիրմային Pivi Pro համակարգի ինտերֆեյսը առանձնանում է անհատականացման լայն հնարավորություններով և միևնույն ժամանակ շատ պարզ է: Բավական է ասել, որ ֆունկցիաների 90% հասանելի են երկու հպումով՝ սկսած հիմնական էկրանից: Համակարգի հետ զուգակցված աշխատում են նաև սարքավորւմների 12,3-դյույմանոց վահանակն ու գունավոր պրոյեկցիոն դիսփլեյը: Մուլտիմեդիա համակարգի միջոցով հասանելի են Apple CarPlay, Android Auto և նույնիսկ չինական Baidu Life ծրագրերը: Որպես ստանդարտ լուծում հասանելի է նաև Spotify թվային ծառայությունը, իսկ Bluetooth կապուղով կարելի է միակցնել միանգամից երկու սմարթֆոն: Ինտերնետ կապի wi-fi կետը ունակ է ապահովել ցանցի հասանելիություն ութ սարքավորումների համար միաժամանակ:
Արտադրողը ամբողջովին վերանայել է ուժային ագրեգատների ցանկը: Այժմ մոդելը սարքավորվում է Ingenium ընտանիքի 3.0-լիտրանոց շարային շարժիչներով: Բացի այդ, առաջին անգամ մոդելի համար հասանելի կլինի P400e լիցքավորվող հիբրիդը: Այն սարքավորված է 300 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բենզինային տուրբոշարժիչով, որը համակցվում է 143 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի և 17,1 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցի հետ: Ընդհանուր 404 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ագրեգատը ապահովում է 0-ից 100 կմ/ժ թափառքի 5,3 վայրկյան ցուցանիշ: Մեկ լիցքավորումով միայն էլեկտրական ռեժիմում մեքենան կկարողանա հաղթահարել մինչև 53 կիլոմետր տարածույուն:
Երկլիտրանոց քառագլան դիզելային շարժիչները այժմ հասանելի են 163 և 204 ձ.ուժ հզորությամբ տարբերակներով: Բենզինային քառագլան շարժիչն ունի մեկ մոդիֆիկացիա՝ 250 ձ.ուժ հզորությամբ: Վեցգլանանի շարժիչները արդեն իսկ ծանոթ են Land Rover և Range Rover ավտոմեքենաներից: Երեք լիտրանոց դիզելային տուրբոշարժիչը զարգացնում է 300 ձ.ուժ հզորություն և ապահովում է 0-ից 100 կմ/ժ թափառքի 6,4 վայրկյան ցուցանիշ: Նույն ծավալի բենզինային ագրեգատը հասանելի է երկու մոդիֆիկացիայով՝ 340 և 400 ձ.ուժ հզորությամբ:
Եվրոպական շուկայում հասանելի որոշ համալրումներ կստանան նաև «փափուկ հիբրիդի» կառուցվածք, որի դեպքում ստարտեր-գեներատորը օգնում է շարժիչի աշխատանքին ցածր պտույտների դեպքում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: