ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է լիովին նոր Maserati MC20 կուպեն:
11 Սեպտեմբեր 2020
Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է MC20 կուպեն, որն ամբողջովին նախագծվել է Maserati-ի տեխնիկական կենտրոնում: Այս հեղափոխական սուպերկարի շարժիչը կառուցված է Ֆորմուլա 1 տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ թափքի համար առաջարկվում է վեց տարբեր եզակի գույն, մինչդեռ ստորին հատվածը պատրաստված կլինի լաքով պատված մաքուր ածխապլաստիկից:
Երկու տարի նախագծված Maserati MC20-ը իր արտաքին չափսերով մոտ է Ferrari 488-ին: Կուպեի երկարությունը 4669 միլիմետր է, լայնությունը՝ 1965 մմ, բարձրությունը՝ 1221 մմ, իսկ անվային բազան՝ 2700 մմ: Սուպերկարի զանգվածը մոտ մեկուկես տոննա է, որի երկու երրորդը բաժին է հասնում ածխապլաստիկից պատրաստված մոնոկոկին, իսկ ևս 220 կգ՝ վեց գլանանի V-աձև Nettuno շարժիչին: Աերոդինամիկ գործակիցը կազմում է ընդամենը 0,38 Cx. Բացի այդ MC20-ը սարքավորվում է կրկնակի լծակներով կախոցով, 380/350 մմ տրամագծով Brembo արգելակներով, առջևի՝ վեցմխոցանի, և հետևի՝ քառամխոց ենթակիրներով:
Նոր շարժիչը զարգացնում է առավելագույն 630 ձ.ուժ հզորություն և 730 Նմ ոլորող մոմենտ, իսկ քարշակումն իրականացվում է հետևի անիվների միջոցով, որոնց քարշուժը հասնում է 8-աստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփի միջոցով: Շարժման ռեժիմները փոխարկվում են կենտրոնական բարձակի վրա առկա տափօղակի օգնությամբ: Ընդհանուր առմամբ հասանելի է չորս ռեժիմ՝ GT մայրուղիների համար), Sport, տրեկային Corsa և Wet (թաց ճանապարհների համար): Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Maserati MC20-ը զարգացնում է 2,9 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագանալու համար բավական է ընդամենը 8,8 վայրկյան: Առավելագույն արագությունը սահմանափակված է 325 կմ/ժ ցուցանիշով:
Սրահը, չնայած որոշ պարզությանը, ամբողջովին թվային է: Վարորդին հասանելի է սարքավորումների՝ 10,2-դյույմանոց վիրտուալ վահանակը, իսկ աջից Maserati Touch Control Plus մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանն է: Դրա օգնությամբ կարելի է թե՛ կառավարել կլիմայական սարքավորումը, թե՛ օգտվել Maserati Connect համակարգի ծառայություններից: Դրանց թվում են նավիգացիան, Amazon Alexa ձայնային օգնականը, հասանելիության WiFi կետը, ինչպես նաև ավտոմեքենայի հեռահար կառավարման ծրագրերը: Որպես օպցիա հասանելի կլինի նաև պրեմիում-կարգի Sonus Faber աուդիոհամակարգը:
Շարժիչի գործարկման/անջատման ու լոնչ-կոնտրոլ համակարգի կոճակները տեղադրված են ղեկի վրա, իսկ կենտրոնական բարձակի վրա գտնվում են ընթացային ռեժիմների փոխարկիչը, փոխանցումտուփի փոխարկիչը, մուլտիմեդիա համակարգի բարձրության կարգավորիչն ու անլար լիցքավորման մոդուլը: Maserati MC20-ի սրահի լրամշակման համար առատորեն օգտագործված է բնական կաշի, արհեստական թավշակաշի և ածխապլաստիկ:
Առավել հետաքրքիրն այն է, որ MC20-ի շասսին ի սկզբանե նախագծված է այնպես, որպեսզի հնարավոր լինի տեղադրել էլեկտրական շարժիչներ և քարշային մարտկոցներ, ինչը վկայում է, որ ընկերությունը նախատեսում է թողարկել սուպերկարի առնվազն հիբրիդային տարբերակ: Ենթադրվում է, որ այն մեկ լիցքավորումով կկարողանա հաղթահարել մոտ 320 կմ և զարգացնել մինչև 320 կմ/ժ առավելագույն արագություն՝ պահպանելով 0-100 կմ/ժ թափառքի 2,8 վայրկյան ցուցանիշը: Բացի այդ, հաճախորդներին հասանելի կլինի նաև Maserati MC20-ի ռոդսթեր տարբերակը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: