ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus LC կաբրիոլետ՝ նվիրված ծովային ճանապարհորդություններին:
03 Օգոստոս 2020
Lexus-ը ներկայացրել է LC Convertible մոդելի հատուկ մոդիֆիկացիա՝ Regatta Edition անվանմամբ: Կաբրիոլետը հիշեցնում է ծովային ճանապարհորդությունների մասին, իսկ կապույտ թափքի և սպիտակ սրահի համադրությունը ստեղծում է շքեղ զբոսանավերին բնորոշ մթնոլորտ: Ըստ ամենայնի, մեքենան առաջարկվում է նույն մասնագրերով, ինչը և Barrett-Jackson աճուրդում երկու միլիոն դոլարով վերջերս վաճառված մոդելն էր:
Lexus LC Convertible Regatta Edition-ի գլխավոր առանձնահատկությունը գունային գամման է: Կաբրիոլետի թափքը լուծված է մուգ կապույտ Structural Blue գույնով: Ներկանյութն ու դրանից ստացվող ծածկույթը, որն ունի 40 առանձին շերտ և պարունակում է արևի տակ գունափոխվող զանազան միկրոտարրեր, նախագծվել են շուրջ 15 տարի: Առաջին անգամ դրանք ցուցադրվել է 2017 թվականին՝ LC կուպեի վրա: Փափուկ ծալվող տանիքը նույնպես կապույտ է և իրականացված է Marine Blue երանգով:
Սրահում գերիշխող գույնը սպիտակն է: Այն կիրառված է նստատեղերի, առջևի վահանակի ստորին հատվածի, կենտրոնական բարձակի, կանգնակների, ղեկի և առաստաղի լրամաշակման համար: Որպես կոնտրաստային լուծում օգտագործվում են դռների և բարձակի մուգ կապույտ ներդիրները: Նստատեղերը պաստառապատված են կիսաանիլինային կաշվով, որն առանձնանում է երկրաչափական դարձակարերով: Շեմքերի վերդիրները պատրաստված են ածխածնային պլաստիկից և կրում են սահմանափակ թողարկման մասին հիշեցումներ:
Հետևի քարշակմամբ LC Convertible Regatta Edition-ը սարքավորվում է 5-լիտրանոց V8 մթնոլորտային շարժիչով, որը զարգացնում է 477 ձ.ուժ հզորություն և 540 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Մոդելը շուկա կհանվի արդեն մոտակա աշնանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: