ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն ներկայացրել է RAV4-ի չափազանց սև տարբերակը:
02 Օգոստոս 2020
Ճապոնական Toyota ընկերությունը հրապարակել է RAV4 ամենագնացի նոր հատուկ մոդիֆիկացիայի լուսանկարները: Նորույթը առաջարկվում է թափքի ու սրահի բացառիկ սև գույնով, «հակաքրոմ» փաթեթի որոշ տարրրերով, հատուկ անվասկավառակներով և դեկորով: Toyota RAV4 Black Edition քրոսովերները նախատեսված են եվրոպական շուկայի համար և կարող են լինել միայն հիբրիդային:
Գործարանային RAV4 Black Edition-ը ստացել է ռադիատորի մգեցված ճաղավանդակ, գունամշակված օպտիկա և սնդուսափայլ 19-դյույմանոց սկավառակներ՝ հինգ կրկնակի շյուղերով: Քրոսովերը զրկվել է թափարգելների արծաթագույն վերդիրներից, սակայն պահպանել է կողաթևերի և բեռնախցիկի դռան բաց տարբերանշանները, ինչպես նաև արտանետման համակարգի խողովակների քրոմապատ վերդիրներն ու ապակիների շրջանակները: Թափքի համար առաջարկվում է միակ՝ Deep Midnight Black գույնը, իսկ կոմբինացված համադրությունները Black Edition-ի համար դեռևս հասանելի չեն:
Չնայած սրահի պատկերները չեն հրապարակվել, հայտնի է, որ RAV4 Black Edition-ի ինտերիերը ևս կառանձնանա ծայրահեղ սև լուծումներով: Նստատեղերը պաստառապատված կլինեն սև արհեստական կաշվով և գորշ դարձակարերով, նույն գույնի լուծումներ են առաջարկվում նաև առաստաղի համար: Հատուկ մոդիֆիկացիայի հիմքում ընկած է Style համալրումը՝ շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգով, ինը բարձրախոսներով սարքավորված աուդիոհամակարգով, հետին տեսադաշտի թվային հայելիով և ակտիվ անվտանգության՝ Toyota Safety Sense համակարգով:
Կապոտի տակ տեղադրված է եվրոպական RAV4-երի համար առաջարկվող հիբրիդային հանգույցը, որը բաղկացած է 2,5-լիտրանոց մթնոլորտային ագրեգատից և էլեկտրական շարժիչից: Կախված քարշակման եղանակից՝ ուժային ագրեգատը զարգացնում է 218 կամ 222 ձ.ուժ հզորություն: Եվրոպայում RAV4 Black Edition-ի պատվերներն արդեն ընդունվում են, իսկ առաջին մեքենաները կհասնեն գնորդներն հոկտեմբերին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: