Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը:
23 Հուլիս 2020

Գարնանը թարմացված սովորական Countryman-ից հետո, բրիտանական MINI ընկերությունը ներկայացրել է նաև «լիցքավորված» John Cooper Works Countryman մոդելի ռեսթայլինգային տարբերակը: Փոփոխությունները վերաբերում են արտաքին տեսքին, սրահի ձևավորմանն ու սարքավորումներին, մինչդեռ ուժային ագրեգատը մնացել է նույնը: 



MINI John Cooper Works Countryman-ը ստացել է ռադիատորի նոր ճաղավանդակ, լապտերներ և լուսադիոդային լուսարձակներ, իսկ որպես օպցիա առաջարկվում է նաև առջևի ադապտիվ օպտիկա՝ հեռահար լուսավորության մատրիցային լուծումներով: Թափքի գույների ներկապնակը համալրվել է երկու մետալիկ երանգով՝ արծաթագույն White Silver և կանաչ Sage Green: Հավելավճարի դիմաց հասանելի կլինի լրամշակման Piano Black Exterior փաթեթը՝ ռադիատորի ճաղավանդակի և լուսարձակների սև սնդուսափայլ եզրակավորմամբ, դռների սև բռնակներով և բեռնախցիկի դռան հատուկ տարբերանշաններով:



Սրահում ուշադրություն է գրավում նոր հինգ դյույմանոց էկրանով սարքավորումների թվային վահանակը: Connected Media մուլտիմեդահամակարգը՝ 8,8-դյույմանոց սենսորյաին դիսփլեյով, կարելի է ձեռք բերել լրավճարով, մինչդեռ  SIM-քարտն ու ֆիրմային օնլայն-ծառայությունները հասանելի են բազային տարբերակում: MINI Navigation Plus փաթեթը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում տեղեկանալ խցանումների մասին և, ի թիվս այլ լուծումների, սարքավորված է Amazon Alexa ձայնային օգնականով:



Քրոսովերի կապոտի տակ տեղադրված է նախկինից ծանոթ քառագլան M Performance տուրբոշարժիչը, որը զարգացնում է 306 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ Steptronic Sport փոխանցումատուփի և ALL4 լիաքարշ համակարգի հետ: Միևնույն ժամանակ աճել է արտանետման խողովակների վերդիրների տրամագիծը, որն այժմ կազմում է 95 միլիմետր նախկին 85 մմ փոխարեն: Տեղից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար JCW Countryman-ին անհրաժեշտ է 5,1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը 238 կմ/ժ է:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio