ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Հուլիս 2020
Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է Ghibli սեդանի հիբրիդային մոդիֆիկացիան: Սա առաջին հաստատուն քայլն է դեպի մակնիշի ամբողջ մոդելային շարքի էլեկտրականացումը: Ակնկալվում է, որ Ghibli Hydrid սեդանին շուտով կմիանան նաև GranTurismo և GranCabrio մոդելները, որոնց նորամուտը նախատեսված է 2021 թվականին:
Նոր Maserati Ghibli Hydrid-ը դասվում է այսպես կոչված փափուկ հիբրիդների շարքին: Սեդանի ուժային հանգույցը բաղկացած է երկլիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչից, 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատորից և e-Booster անվանումը կրող էլեկտրական մղիչից, որը լրացնում է single-scroll տեսակի տուրբոմղիչի աշխատանքը: Էլեկտրական սարքավորումները սնուցող մարտկոցը տեղադրված է բեռնախցիկի հատակի տակ՝ երկու անիվների միջև:
Ագրեգատի ընդհանուր հզորությունը 330 ձ.ուժ է, և այն զարգացնում է 450 Նմ ոլոորող մոմենտ, ինչը մի փոքր քիչ է, քան բազային 3-լիտրանոց V6 շարժիչով Ghibli-ի ցուցանիշը (350 ձ.ուժ և 500 Նմ): Մեքենան սարքավորվում է 8-աստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփով, իսկ հետևի սռնիի վրա տեղադրված է ինքնաբլոկավորվող դիֆերենցիալ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Ghibli Hydrid-ը զարգացնում է 5,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 255 կմ/ժ: Այս ցուցանիշը ևս զիջում է «ավանդական» սեդանին, որը նույն արագությունը զարգացնում է 5,5 վայրկյանում և ունի 263 կմ/ժ առավելագույն արագություն:
Հիբրիդային սարքավորումը առաջին հերթին կոչված է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումների մակարդակը: Սա թույլ կտա Maserati-ին խուսափել այն խոշոր տուգանքներից, որոնք նախատեսված են մոդելային շարքի համար սահամանած՝ արտանետման միջին ցուցանիշի նորմը՝ 95գր/կմ, գերազանցելու համար:
Հիբրիդային Ghibli-ն սովորականից կարելի է տարբերել ռադիատորի նոր ճաղավանդակով, կապույտ շեշտադրումներով, նույն երանգի արգելակային ենթակիրներով, ինչպես նաև հետևի նոր լապտերներով, որոնց պատկերը հիշեցնում է 3200 GT և Alfieri կոնցեպտի լուծումները: Սրահում ուշադության է արժանի նոր Maserati Intelligent Assistant մուլտիմեդիա համակարգը՝ 10,1-դյույմանոց դիսփլեյով, հեռավար թարմացման հնարավորությամբ և ավտոմեքենայի աշխատանքին մշտապես հետևելու ֆունկցիայով: Նորովի է նախագծվել նաև սարքավորումների վահանակը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: