Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Հուլիս 2020

Ford ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է Bronco ամենագնացի վեցերորդ սերունդը: Մոդելը վերակենդանացվել է ավելի քան քսան տարվա ընդմիջումից հետո: Նոր սերնդի Bronco-ն առանձանանում է աուտենտիկ դիզայնով, շրջանակային կառուցվածքով և շարժիչների ընտրությամբ: Տեղական շուկայում մոդելի գինը սկսվում է 28,5 հազար դոլարից:  


Նոր Ford Bronco-ն կիսում է շրջանակային կառուցվածքը Ranger պիքապի հետ, որն առանձնանում է առջևի անկախ կախոցով: Մոդելը վերածնվել է երեք- և հինգդռնանի տարբերակներով, ընդ որում վերջինս ներկայացվում է առաջին անգամ: Ամերիկյան շուկայում մոդելը հասանելի կլինի յոթ տարբեր համալրումներով, ինչպես նաև կառաջարկվեն սահմանափակ սերիան և արտաճանապարհային Sasquatch փաթեթով սարքավորված տարբերակը: Վերջինս առանձնանում է 56 միլինետրով ավելի բարձր լուսածերպով, 35-դյույմանոց ցեխային անվադողերով և կախոցի հատուկ կարգավորումներով: Ակնկալվում է, որ Bronco ընտանիքը կհամալրվի նաև կրող թափքով  Bronco Sport մոդելով, որը կառուցված կլինի ներկայիս Kuga-ի հենահարթակի հիման վրա:



Ավտոմեքենայի արտաքինը հիշեցնում է քսաներորդ դարի 60-ականների օրիգինալ Bronco-ն: Եզակի լուծումների թվում են մոդելի անվանման խոշոր գրվածքը ռադիատորի ճաղավանդակի վրա, առջևիի կլոր լուսարձակները, ինչպես նաև թափքի ընդահնուր համամասնությունները: Ընկերությունում համարում են, որ նորույթը միավորում է դասական ոճն ու նորագույն ինժեներական լուծումները: Բացի այդ շեշտվում է, որ Bronco-ն փոխառել է F-սերիայի պիքապների ամրությունն ու ունիվերսալությունը և  Mustang-ի սպորտային ոգին:



Սրահում ուշադրություն է գրավում մուլտիմեդիա համակարգի 8- կամ 12-դյույմանոց սենսորային էկրանը, որի չափսը կախված է համալրումից: Կենտրոնական բարձակի վրա տեղակայված է փոխանցումատուփի տափօղակային փոխարկիչը, ինչպես նաև առկա են հանովի բռնակներ՝ նախատեսված վարորդի և առջևի ուղևորի համար: 



Որպես հիմնական ընտրություն առաջարկվում է 2,3 լիտր ծավալով EcoBoost տուրբոշարժիչը, որը զարգացնում է 273 ձ.ուժ հզորություն և 420 Նմ ոլորող մոմենտ: Այն կարող է համակցվել կամ 7-աստիճան մեխանիկական, կամ 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերից որևէ մեկի հետ: Այլընտրանքային կարգով հասանելի է նաև 2,7 լիտր ծավալով V6 շարժիչը՝ 314 ձ.ուժ հզորությամբ և 542 Նմ ոլորող մոմենտով, որի համար նախատեսված է միայն ավտոմատ փոխանցումատուփը: Բոլոր մոդիֆիկացիաները լիաքարշ են, ունեն երեք ռեժիմներով աշխատող բաշխիչ տուփ, որի առանձնահատկությունը իջեցված փոխանցման 2,72 : 1 հարաբերակցությունն է:



Նոր Ford Bronco-ի հիմնական մրցակիցը Jeep Wrangler-ն է: Ինչպես և վերջինս, Bronco-ն առաջարկում է ձևափոխամն մի քանի տարբերակներ, օրինակ՝ հանվող դռներն ու տանիքի մի հատվածը, ընդ որում դռները կարելի է հանելուց հետո տեղավորել բեռնախցիկում: Ford Bronco պատվիրելու համար բավական է կատարել 100 դոլար կանխավճար, իսկ մեքենան գնորդներին կհասնի 2021 թվականի գարնանը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio