Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը:
14 Հուլիս 2020

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q4 Sportback e-tron անվանմամբ կոնցպետուալ ավտոմեքենան: Այն անցած տարի Ժնևի ավտոսրահում ցուցադրված էլեկտրական Q4 քրոսովերի կուպեատիպ մոդիֆիկացիան է: Ընդ որում սա պարզապես դիզայներական վարժանք չէ՝ մեքենայի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվանից:



Կոմպակտ Audi Q4 e-tron քրոսովերն ու դրա Sportback տարբերակը տեխնիկապես նույնական են, չնայած ունեն նաև տարանջատիչ գծեր: Նորույթը առաջարկվում է Kinetic Gray մետալիկ գույնով, որը, լուսավորությունով պայմանավորված, ստանում է կանաչավուն երանգ: Բեռնախցիկի հատվածին հարող՝ տանիքի սահուն գիծը ավարտվում է խոշոր սփոյլերով: Կոնցեպտի արտաքին առանձնահատկություններից կարելի է նշել նաև դիֆուզորը՝ e-tron լուսավորվող տարբերանշանով, լայն կողաթևերը և 22-դյույմանոց անվասկավառակները: 



Նորույթի գաբարիտային երկարությունը 4,6 մետր է, լայնությունը՝ 1,9 մետր, բարձրությունը՝ 1,6 մետր, իսկ անվային բազան կազմում է 2,7 մետր, ինչը վկայում է, որ Audi Q4 Sportback e-tron-ը ընդամենը մեկ սանտիմետրով երկար, և նույնքան էլ կարճ է օրիգինալ մոդելից:  Q4 Sportback e-tron-ի առջևի կախոցում կիրառված են McPherson կանգնակներ՝ ադապտիվ մեղմիչներով: Հետևից աշխատում է բազմալծակ կախոցը՝ առանձին զսպանակներով և նույնպես ադապտիվ մեղմիչներով: 



Քրոսովերը սարքավորված է 306 ձ.ուժ ընդհանուր հզորությամբ ուժային ագրեգատով: Առջևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչը զարգացնում է 204 ձ.ու հզորություն և 310 Նմ ոլորող մոմենտ, իսկ հետևինը՝ 102 ձ.ուժ և 150 Նմ: Հատակի մեջ ներկառուցված քարշային մարտկոցի տարողությունը 82 կՎտժ է, ինչն ապահովում է մոտ 450 կմ ընթացքի պաշար WLTP ցիկլում: Ավտոմեքենան սարքավորված է նաև արգելակման ժամանակ էներգիայի ռեկուպերացիայի համակարգով: Սովորական պայմաններում օգտագործվում է միայն հետևի էլեկտրական շարժիչը: Անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ սայթաքուն մակերևույթների վրա շարժվելիս, կտրուկ վազանցներ կատարելիս կամ շրջադարձեր հաղթահարելիս, միանում է նաև առջևի սռնին, իսկ քարշուժի բաշխումը կատարվում է բացառապես էլեկտրոնային համակարգերի միջոցով:



Ակնկալվում է, որ սովորական Q4 e-tron-ը վաճառքի կհանվի արդեն 2020 թվականին, իսկ դրա, ինչպես նաև Sportback տարբերակի գնորդները կկարողանան ընտրել օպտիկայի լուսային պատկերը: Ընդհանուր առմամբ հասանելի կլինի «լուսային ստորագրության» 25 տարբերակ: Այս կուպե-քրոսովերը սերիական կդառնա 2021 թվականին, իսկ արդեն 2025 թվականի դրությամբ Audi-ն նախատեսում է ունենալ մինչև 20 էլեկտրական մոդել: Ընկերությունը ակնկալում է, որ այդ ավտոմեքենաներին բաժին կընկնի վաճառքների առնվազն 40 տոկոսը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio