ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Suzuki Across՝ ճապոնական սիմբիոզի նոր արդյունք:
03 Հուլիս 2020
Հանրահայտ Suzuki ընկերությունը հայտարարել է Across նոր կոմպակտ քրոսովերի թողարկման մասին: Սա վերջերս ներկայացված Toyota RAV4-ն է՝ թեթևակի ձևափոխաված արտաքինով: Հատկանշական է, որ Suzuki Across-ը կարտադրվի հենց Toyota-ի ճապոնական գործարաններից մեկում և նախատեսված կլինի եվրոպական շուկայի համար:
Suzuki Across-ի արտաքինում ամբողջովին օրիգինալ է միայն թափարգելը, որը աչքի է ընկնում ավելի մեծ օդակլանիչներով և ուրիշ կառուցվածք ունեցող պաշտպանիչ վերդիրներով: Մինչդեռ հետնամասը նույնն է, ինչ RAV4-ինը, իսկ թափքի առաջնամասի դիզայնը կրկնում է չինական շուկայի համար նախատեսված Toyota Wildlander-ի լուծումները:
Տեխնիկական տեսանկյունից Suzuki Across-ը նույնական է Toyota RAV4 PHEV լիցքավորվող հիբրիդին: Ուժային ագրեգատը բաղկացած է 178 ձ.ուժ հզորությամբ (219 Նմ) 2,5-լիտրանոց մթնոլորտային շարժիչից, 182 ձ.ուժ հզորությամբ (270 Նմ) էլեկտրական շարժիչից և 18,1 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցից: Արդյունավետ հզորությունը 306 ձ.ուժ է, իսկ միայն էլեկտրական շարժիչով մեքենան ունակ է հաղթահարել մինչև 75 կմ WLTP ցիկլում: Տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը պահանջում է ուղիղ վեց վայրկյան: Լիաքարշ համակարգի աշխատանքը հիմնված է էլեկտրական տեխնոլոգիաների վրա, որոնք անհրաժեշտության դեպքում գործարկում են հետևի սռնիին տեղադրված 54 ձ.ուժ հզորությամբ (121 Նմ) շարժիչը:
Suzuki ապրանքանշանի ներքո RAV4-ի թողարկումը հնարավոր է դարձել երկու ճապոնական ընկերությունների համագործակցության շնորհիվ: Դեռևս 2019 թվականին Toyota-ն և Suzuki-ն պայմանավորվել են մոդելները «կլոնավորելու» մասին և ձեռք են բերել միմյանց արժեթղթերը: Այս գործարքի արդյունքում Toyota-ն դուրս է եկել Հնդկաստանի և Աֆրիկայի շուկաներ՝ առաջարկելով Suzuki Vitara Brezza սուբկոմպակտ քրոսովերի, Ciaz բյուջետային սեդանի, Baleno հեչբեքի և Ertiga կոմպակտվենի կրկնօրինակները, իսկ որպես փոխհատուցում Suzuki-ն հնարավորություն է ստացել սեփական ապրանքանշանի ներքո Եվրոպայում վաճառել RAV4 և Corolla Touring մոդելները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: