Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է երկրորդ սերնդի Opel Mokka-ն:
25 Հունիս 2020

Գերմանական Opel ընկերությունը մանրամասներ է ներկայացրել Mokka քչոսովերի նոր սերնդի մասին: Մոդելը դարձել է ավելի կոմպակտ, ավելի արտահայտիչ և ստացել է մինիմալիստական ինտերիեր: Այն շուկա կհանվի երեք տեսակի շարժիչով՝ բենզինային, դիզելային և էլեկտրական: Քրոսովերի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2021 թվականի առաջին եռամսյակում:  



Opel Mokka-ի էքստերիերի առանձնահատկություններից է թափքի անսովոր կոմբինացված երանգավորումը: Այլ գույնով են ներկված ոչ միայն թափքի կանգնակները և տանիքը, այլև կապոտն ու ռադիատորի ճաղավանդակը: Լրացուցիչ ոճավորում են հաղորդում նաև բազմաթիվ պլաստիկ տարրերը և օպցիոնալ թեթևաձույլ 18-դյույմանոց անվասկավառակները: Երկրորդ սերնդի Opel Mokka-ն առաջինն է մակնիշի սերիական մոդելներից, որի վրա կիրառվել է Opel Vizor դիզայներական լուծումը: Դրա առանձնահատկությունը ընդհանուր քրոմապատ շրջանակով միավորված լուսարձակներն ու ռադիատորի ճաղավանդակն են: 



Նոր Opel Mokka-ն ավելի կոմպակտ է, քան իր նախորդը: Թափքի երկարությունը ներկայումս կազմում է 4150 մմ (-125 մմ), չնայած այն հանգամանքին, որ մոդելը միևույն ժամանակ լայնացել է 10 միլիմետրով: Անվային բազան ևս կարճացել է սիմվոլիկ երկու միլիմետրով, այնպես որ բեռնախցիկի տարողունակությունը գրեթե չի փոխվել՝ 350 լիտր (-6լ): Նոր Opel Mokka-ի բազային համալրումը ներառում է առջևի և հետևի լուսադիոդային լուսարձակներ (մատրիցայինները առաջարկվում են որպես օպցիա), ինչպես նաև երթևեկության շարքի պահպանման համակարգ,  ադապտիվ քրուիզ-կոնտրոլ և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա: Բարձր համալրումներում հասանելի կլինի և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը: 



Հեղափոխական փոփոխություններ են կատարվել ինտերիերում: Նոր Mokka-ն նախագծվել է «թվային դետոքսի» գաղափարախոսության սկզբունքներով:  Առջևի՝ Opel Pure Panel վահանակը վարորդին կտրամադրի միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկությունները, իսկ կառավարման օրգանները կլինեն առավելագույնս ինտուիտիվ:  Բոլոր տվյալները կարտացոլվեն սարքավորումների վիրտուալ վահանակի 12-դյույմանոց էկրանի վրա, որը կցված է մուլտիմեդիա համակարգի 7 կամ 10 դյույմ անկյունագծով հպումային էկրանին: 



Կառավարման ֆիզիկական օրգաններից Opel-ի ինժեներները, այնուամենայնիվ, չեն հրաժարվել: Սրահում նկատելի են կլիմատ-կոնտրոլ համաարգի և նստատեղերի տաքացման անալոգային կոճակները, իսկ ներկայացված էլեկտրական քրոսովերի շարժման ռեժիմները ընտրվում են կոճակային վահանակի միջոցով:  



Opel Mokka-ն կառուցված է նույն հենահարթակի վրա, ինչը և վեցերորդ սերնդի Corsa հեչբեքը, և առաջարկվում է միայն առջևի քարշակմամբ: Ներկայիս պահին հաղորդվում են միայն էլեկտրական Opel Mokka-e մոդիֆիկացիային առնչվող տվյալները: Այն սարքավորվում է 136 ձ.ուժ հզորությամբ (260 Նմ) էլեկտրական շարժիչով, 50 կՎտժ տարողությամբ մարտկոցով և մեկ լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 320 կիլոմետր (WLTP ցիկլ): Որոշ ժամանակ անց հայտնի կլինեն նաև բենզինային և դիզելային մոդիֆիկացիաների մանրամասները: Ենթադրվում է, որ դրանք սարքավորված կլինեն PSA կոնցերնի նախագծած եռագլան և քառագլան տուրբոշարժիչներով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio