Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lamborghini-ն կթողարկի Urus քրոսովերի հատուկ մոդիֆիկացիա:
24 Հունիս 2020

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Urus քրոսովերի «դիզայներական» տարբերակը՝ Pearl Capsule անվանմամբ: Սովորական մոդելներից այն տարբերվում է ինտեիերի և էքստերիերի երկգույն ձևավորմամբ, որտեղ գերակշռում են դեղինը, նարնջագույնն ու կանաչը: Առանձնահատուկ կլինեն նաև սրահի ձևավորումն ու անվասկավառակները: Հատուկ ոճի մշակմամբ զբաղվել է Lamborghini Centro Stile ստորաբաժանումը:



Lamborghini Urus Pearl Capsule ամենագնացը կարող է պատվիրվել երեք ֆիրմային գույներից մեկով՝ դեղին Giallo Inti, նարնջագույն Arancio Borealis կամ կանաչ Verde Mantis: Հատուկ սերիային բնորոշ գծերից են թափարգելների ստորին սև հատվածները, մուգ շեմքերն ու սև տանիքը: Բացի այդ մոդելը ստացել է օրիգինալ դիզայնով 23-դյույմանոց գրաֆիտային անվասկավառակներ՝ թափքի գույնի եզրակավորմամբ: Արգելակային ենթակիրները ևս իրականացված են գերիշխող երանգին համապատասխան:



Նշված գույների «խրախճանքը» շարունակվում է նաև սրահում: Թափքին համահունչ են ձևավորված նստատեղերի կողեզրերը, կենտրոնական բարձակը, դռների բռնակները, ինչպես նաև ղեկի, դռների վահանակների և գորգերի դարձակարերը ու եզրակավորումը: Նստատեղերը պաստառապատված են ալկանտարայով, իսկ առջևի վահանակի տարրերը դեկորացված են կարբոնով և սև ալյումինով:



Նշենք, որ 2021 մոդելային տարվա համար կատարելագործությունների փաթեթ է նախատեսված բոլոր նոր Lamborghini Urus-ների համար: Այն  ներառում է նոր դիզայնով բանալի, 17 բարձրախոսով սարքավորված 730 վատտ հզորությամբ  Sensonum աուդիոհամակարգ, իսկ ավտոմատ կայանման համակարգը օգտակար կլինի ոչ միայն զուգահեռ, այլև՝ ուղղահայաց կայանման ժամանակ: Տեխնիկական փոփոխություններ չեն սպասվում: Լիաքարշ Lamborghini քրոսովերը կպահպանի 4 լիտր ծավալով բիտուրբո շարժիչը, որը զարգացնում է 650 ձ.ուժ հզորություն և 850 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio