ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նորացված 5-րդ սերիայի BMW ընտանիքը:
27 Մայիս 2020
Գերմանական ընկերության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ նորացված BMW 5 Series ընտանիքը ևս մեկ անգամ հաստատում է իր առաջատար դիրքերը պրեմիում դասի ավտոմեքենաների սեգմենտում, ինչին նպաստում են նոր արտաքինը, շքեղ և մտածված ինտերիերը, ամենավերջին նորարար լուծումները, որոնց թվում է նաև փափուկ-հիբրիդային տեխնոլոգիան: Նոր սերնդի մեքենաները հասանելի կլինեն գնորդներին 2020 թվականի հուլիսից:
Հինգերորդ սերիայի BMW-ն փոփոխության է ենթարկվել թե՛ արտաքինից, թե՛ ներսից: Արտաքինից այն կարելի է տարբերել ռադիատորային ճաղավանդակի նոր լուծումներով, լուսարձակների կտրվածքով, որոնք, ի դեպ, կարղ են լինել լուսադիոդային, մատրիցային կամ լազերային, ինչպես նաև հետևի լապտերների նոր տեսքով: Այլ փոփոխությունների թվում հիշատակման է արժանի թափարգելների նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ սեդանի և ունիվերսալի երկարությունը աճել է համապատասխանաբար 27 և 21 միլիմետրով: Հասանելի են նաև կարմիր կամ կապույտ արգելակային ենթակիրները: Սրահում մոդերնիզացվել են մուլտիմեդիա համակարգը, որի 10,25-դյույմանոց էկրանը հասանելի կլինի արդեն բազային տարբերակում, ինչպես նաև ղեկանիվը, որը համալրվել է մի քանի նոր կոճակներով:
Փափուկ հիբրիդային տեխնոլոգիան, որն առաջին անգամ ներկայացվել էր 2019 թվականի աշնանը BMW 520d և BMW 520d xDrive մոդելների վրա, այժմ առաջարկում է բարելավված բնութագրեր, որոնք նպաստում են թե՛ քառագլան, թե՛ վեց գլանանի շարժիչներով մոդիֆիկացիաների վառելիքի ծախսի կրճատմանը և ընդհանուր շահագործման հարմարավետությանը: 48 Վ հզորությամբ ստարտեր-գեներատորի և երկրորդ մարտկոցի առկայությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ կուտակել արգելակման ժամանակ առաջացող ռեկուպերատիվ էներգիան: Վերջինս հետագայում օգտագործվելու է, ոչ միայն էլեկտրական համակարգերի սնուցման, այլև ներքին այրման շարժիչի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և դրա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նորացված 5-րդ սերիայի BMW ավտոմեքենաները կհամալրվեն նաև հատուկ Drive Recorder սարքով, որը կարող է նկարահանել 40 վայրկյան տևողությամբ տեսանյութեր: Վարորդին հասանելի կլինեն նաև շարքի պահպանման համակարգը, ամպային տեխնոլոգիայով աշխատող նավիգացիան, ինչպես նաև 10-ից 85 կմ/ժ արագության պայմաններում աշխատող վթարային արգելակման համակարգը:
Ցուցադրված ավտոմեքենաների մեջ առանձնակի տարբերվում է M Sport Edition մոդիֆիկացիան, որն առաջարկվում է Tanzanite Blue կամ բացառիկ Donington Grey երանգով: Այն ճանաչելի է 20-դյույմանոց թեթևաձույլ անվահեծերով, առջևի ադապտիվ LED լուսարձակներով, լիովին նոր M կարմիր ենթակիրներով: M Sport Edition-ի մասնագրերը ներառում են նաև հետևի M սփոյլեր և հատուկ մուլտիֆունկցիոնալ նստատեղեր, որոնք հասանելի են ունիվերսալ թափքով մոդելի համար:
Թոփային M550i XDrive ունիվերսալը առանձնանում է 4,4-լիտր ծավալով V8 TwinPower տուրբոշարժիչով, էքսկլյուզիվ 20-դյույմանոց անվադողերով, ինտերիերի գորշ լրամշակմամբ, Harman/Kardon Surround Sound աուդիոհամակարգով, ինչպես նաև M Sport դիֆերենցիալով և ադապտիվ M կախոցով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: