Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաղալիք Rolls-Royce-ը վաճառվում է իսկական Toyota-ի գնով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Մայիս 2020

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը գաղտնազերծել է 1:8 մասշտաբով պատրաստված խաղալիք Cullinan ամենագնացի արժեքը: Այդպիսի մեկ ավտոմեքենայի ստեղծման համար ընկերության մասնագետները ծախսում են շուրջ 450 ժամ, ինչը լիաչափ մոդելի հավաքման համար անհրաժեշտ ժամանակի գրեթե կեսն է:  


Rolls-Royce-ը համեմատում է Cullinan-ի մասշտաբային մոդելը արվեստի գործի հետ և հայտարարում, որ խաղալիք պատճենը հավաքում են ձեռքով, ներկում և հղկում ճիշտ այնպես, ինչպես սերիական ամենագնացը: Բացի այդ, պատվիրատուն կարող է ինքնուրույն որոշել խաղալիքի արտաքինը՝ հասանելի 40 հազար երանգներից ընտրելով թափքի և ինտերիերի գույները, ինչպես նաև անհատականցնելով սրահի լրամշակման նյութերը, ներառյալ կաշեպատ նստատեղերի դարձակարերը:  



Առավելագույն մանրամասնությամբ իրականացված են ոչ միայն թափքն ու սրահը: Այսպես, խաղալիք կապոտի տակ տեղադրված է 6,75-լիտրանոց V12 շարժիչի ճշգրտորեն փոքրացրած կրկնօրինակը, դռների խորշերից կարելի է հանել մանրակերտ անձրևանոցներ, իսկ դիոդային լուսարձակների պատկերը կրկնում է  իսկական Cullinan-ի լուծումները: Խաղալիք Rolls-Royce-ի երկարությունը մոտ 70 սանտիմետր է, և դրա համար նախատեսված է մոտ մեկ մետր չափսի դեկորատիվ տուփ:  



Էլ ավելի տպավորիչ է մասշտաբային Rolls-Royce-ի արժեքը: Բազային համալրմամբ խաղալիք Cullinan-ը առաջարկվում է 17100 ԱՄՆ դոլարով, իսկ առավել անհատականացված տարբերակի համար գնորդը ստիպված կլինի վճարել  32765 ԱՄՆ դոլար: Բավական է ասել, որ նշված գնային տիրույթում Հյուսիսային Ամերիկայում կարելի է ձեռք բերել Toyota Corolla-ի գրեթե բոլոր մոդիֆիկացիաները:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio