ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Italdesign-ի նախագծած Nissan GT-R-ը դարձել է սերիական: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Մայիս 2020
Իտալական Italdesign աթելիեյի նախաձեռնած՝ Nissan GT-R50 կուպեի սահմանափակ սերիայի թողարկման նախագիծը մոտենում է եզրագծին: Ներկայումս ավարտվոմ են մոդելի սերիական տարբերակի փորձարկումները Տացիո Նուվոլարի պոլիգոնում, իսկ հաճախորդներին մեքենան կառաջարկվի 990 000 եվրո մեկնարկյաին արժեքով:
Nissan-ն ու Italdesign-ը նախատեսել էին ցուցադրել պատրաստի կուպեն դեռևս մարտին՝ Ժնևի միջազգային ավտոսրահում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով նորամուտը հետաձգվեց: Սակայն այսօր կողմերը հաստատել են, որ հոբելյանական GT-R50-ի մատակարարումները կսկսվեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի՝ 2020 թվականի վերջում, իսկ առաջին գնորդն արդեն ստացել է իր ավտոմեքենան:
Italdesign-ը և Nissan-ը որոշել են ստեղծել GT-R սուպերկարի սահմանափակ սերիան ի նշանավորումն մոդելի կեսդարյա հոբելյանի: Նախագիծը հիմնվում է GT-R Nismo մոդիֆիկացիայի վրա, սակայն առանձնանում է «լիցքավորված» տարբերակից ամբողջովին օրիգինալ թափքով, ակտիվ աէրոդինամիկ տարրերով, GT դասի մրցարշավային ավտոմեքենաներին բնորոշ մինիմալիստական ինտերիերով, ինչպես նաև 720 ձ.ուժ հզորությամբ (780 Նմ) 3,8-լիտրանոց V6 տուրբոշարժիչով: Ըստ էության, GT-R50-ը շոու-կարի փոքր սերիական տարբերակ է՝ նախատեսված մոդելի երկրպագուների համար:
Թեպետ Nissan GT-R50 Italdesign-ը հինգ անգամ ավելի թանկ է, քան GT-R Nismo-ն և շուրջ տասը անգամ թանկ բազային GT-R-ից, նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ պահանջարկը բարձր է և նախնական պատվերների զգալի մասը արդեն իսկ ձևակերպված է: Ներկայումս հաճախորդները զբաղվում են իրենց բաժին հասած մոդելների անհատականացմամբ, իսկ Italdesign-ում աշխատում են խմբաքանակի մնացած մեքենաները վաճառելու ուղղությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: