Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lotus-ը կթողարկի Elise մոդելի «պատմական» սերիա: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Մայիս 2020

Բրիտանական Lotus ընկերությունը հայտարարել է, որ մոտ ժամանակում կթողարկի Elise մոդելի հատուկ սերիա՝ Classic Heritage Edition անվանմամբ: Բոլոր մեքենաները կստանան յուրահատուկ արտաքին, որը կհիշեցնի մակնիշի փառահեղ սպորտային անցյալի մասին և կառաջարկվեն՝ սկսած 46 250  ֆունթ սթերլինգ արժեքով:  


Lotus Elise Classic Heritage Edition ավտոմեքենաները հասանելի կլինեն չորս գունային համադրությամբ՝ սև-ոսկեգույն, կարմիր-սպիտակ-ոսկեգույն, սպիտակ-կարմիր-արծաթագույն և սպիտակ-երկնագույն:  Դասական «սև-ոսկեգույնը» նմանեցված է Lotus Type 72D մոդելին, որի ղեկին Էմերսոն Ֆիթիպալդին 5 հաղթանակ է տոնել 1973 թվականի Ֆորմուլա 1 առաջնության ընթացքում: Կարմիր-սպիտակ-ոսկեգույնը ոգեկոչում է Գրեմ Հիլի  Type 49B մոդելը, իսկ սպիտակ-կարմիր-արծաթագույնը՝ Մարիո Անդրետտիի Type 81-ը: Եվ վերջապես չորրորդ լուծումը հարգանքի տուրք է  Type 18 մոդելին, որը 1960 թվականի ապրիլի 1-ին առաջին հաղթանակը պարգևեց Lotus-ին Ֆորմուլա 1-ում:



Բացի եզակի արտաքինից կոլեկցիոն Lotus-ները առանձնանում են հարուստ համալրումով: Գնորդներին առաջարկվում են թվային ռադիոյով և չորս բարձրախոսով աուդիոհամակարգ, օդորակիչ, ալյումինե համաձուլվածքից պատրաստված անվասկավառակներ և հատուկ նախագծված արգելակային մեխանիզմներ:  Սրահի ոճավորման փաթեթը, որը ներառած է գնի մեջ, աչքի է ընկնում դռների և կենտրոնական բարձակի՝ թափքի գույնի շեշտադրումներով: Օպցիաների ցանկում են ապակեպլաստիկից տանիքը, թեթև մարտկոցն ու արտանետման` տիտանից պատրաստված խողովակը: 



Սահմանափակ թողարկումը հիմնված է Elise Sport 220 մոդելի վրա, ինչը նշանակում է, որ այն սարքավորվում է 1.8 լիտր ծավալով քառագլան բենզինային շարժիչով, որը զարգացնում է 220 ձ.ուժ հզորություն և 250 Նմ ոլորող մոմենտ: Ագրեգատը համակցվում է վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, որն առանձնանում է սովորականից կարճ փոխանցումային թվերով: Տեղից մինչև 97 կմ/ժ արագությունը Lotus Elise Sport 220-ը զարգացնում է 4,5 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը 233 կմ/ժ է: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio