Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Renault Megane՝ այսուհետ հիբրիդային տարբերակով:
03 Փետրվար 2020

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Megane մոդելի հերթական թարմացումները: Առաջին անգամ մոդելային շարքում հայտնվել են Megane E-Tech լիցքավորվող հիբրիդը և R.S. Line նոր մոդիֆիկացիան, որը կփոխարինի GT Line մոդիֆիկացիային: Առանձին հիշատակման է արժանի նաև 9,3-դյույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համալիրը: Եվրոպայում նոր Megane-ի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ամռանը: 



Արտաքինից նորացված Renault Megane-ը կարելի է տարբերել ամբողջովին լուսադիոդային Pure Vision լուսարձակներից, որոնք հասանելի են արդեն բազային համալրման հետ, ինչպես նաև առջևի նոր թափարգելից, փոփոխված կողաթևերից, նոր դիզայնով անիվներից և հետևի լապտերների նոր կտրվածքից: Էլ ավելի շատ են փոփոխությունները սրահում, որտեղ առաջարկվում է կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման նոր բլոկ, նոր մեդիահամակարգ և առաջին անգամ մոդելի վրա տեղադրվող սարքավորումների թվային վահանակ՝ 10,25-դյույմանոց էկրանով:



Մոդելը կսարքավորվի նաև օժանդակող համակարգերի կատարելագործված Easy Drive հավաքածուն: Այն ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, վթարային արգելակման համակարգ, կույր գոտիների վերահսկման համակարգ, շարժման շարքի պահպանման համակարգ և վարորդի ինքնազգացողությանը հետևելու ֆունկցիա: Բացի այդ  Renault Megane-ի համար հասանելի կլինի խցանումներում և մայրուղիով շարժմանն օժանդակող ֆունկիցան, որը հնարավոր կլինի ակտիվացնել մինչև 160 կմ/ժ արագությունների պարագայում: 



Նոր Renault Megane-ի շարժիչների գամման բաղկացած է բենզինային մի քանի ագրեգատներից՝ 1.0 TCe (120 ձ.ուժ) և 1.3 TCe (100, 115, 140 և 160 ձ.ուժ): Ընդ որում, եթե համեմատաբար թույլ շարժիչները առաջարկվում են միայն վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, ապա 140 ձ.ուժ հզորությամբ տարբերակի համար հասանելի կլինի նաև ռոբոտացված փոխանցումատուփը, իսկ 160 ձ.ուժ հզորությամբ ագրեգատն էլ համակցվում է միայն 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Բացի նշվածներից հասանելի կլինեն 95 և 115 ձ.ուժ հզորությամբ 1.5 BlueHDi դիզելային շարժիչները: Առաջին անգամ մոդելը հնարավոր կլինի սարքավորել նաև E-Tech հիբրիդային ուժային ագրեգատով:



Եվս մեկ կարևոր նորություն՝ R.S. Line մոդիֆիկացիայի հայտնվելը: Այն կփոխարինի մինչ այդ առաջարկվող GT Line տարբերկաին և էլ ավելի շատ կնմանվի իսկական R.S.-մոդելներին: «Սպորտային» Megane-ը հեշտ է տարբերել թափարգելի մեջ ներկառուցված և Ֆորմուլա-1 բոլիդի հակաթև հիշեցնող ներդիրից, արտանետման երկու խողովակներից, սպորտային նստատեղերից և ոտնակների ալյումինե վերդիրներից: Մնացած բոլոր նորությունները նույնպես հասանելի կլինեն 300 ձ.ուժ հզորությամբ Mégane R.S. և Mégane R.S. Trophy մոդելների համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio