ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lamborghini-ն ցուցադրել է հետևի քարշակմամբ Huracan Evo RWD մոդելը:
04 Հունվար 2020
Huracan մոդելի նոր սերնդի ներկայացումից մեկ տարի անց Lamborghini ընկերությունը ցուցադրել է դրա՝ հետևի քարշակմամբ տարբերակը, որը շուկա կհանվի Evo RWD անվանմամբ: Նոր Lamborghini Huracan Evo RWD-ն հասցեագրված է այսպես կոչված օլդսքուլ ոճի սուպերկարերի սիրահրներին, որոնք գնահատում են մթնոլորտային շարժիչներն ու հետևի դասական քարշակումը: Lamborghini Huracan EVO RWD-ի սերիական արտադրությունը կսկսվի այս տարվա գարնանը:
Ավտոմեքենան պահպանել է նույն մթնոլորտային 5,2-լիտրանոց V10 շարժիչը, սակայն լիաքարշ տարբերակի համեմատ դրա հնարավորությունները մի փոքր նվազեցվել են: Այսպես, այն զարգացնում է 610 ձ.ուժ հզորություն 8000 պտ/ր պարագայում և 560 Նմ ոլորող մոմենտ 6500 պտ/ր պարագայում: Փոխանցումատուփը չի փոխվել՝ յոթաստիճան «ռոբոտ»՝ կրկնակի կցորդմամբ:
Ինչպես նշում է Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին, հետևի քարշակումը վարորդին խոստանում է «չզտված հետադարձ կապ և ավելի գրավիչ զգացողություններ»: Քարշուժի վերահսկման նոր համակարգը նախագծված և կարգավորված է հատուկ հետևի քարշակման համար և ապահովում է ավելի հավասարաչափ և հզոր քարշուժ՝ արագացմամբ շրջադարձից դուրս գալիս: Huracan Evo RWD-ի զանգվածը 1389 կիլոգրամ է, ինչը 33 կգ պակաս է «սովորական» Huracan Evo-ի զանգվածից:
Թեթևացրած սուպերկարը տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը ունակ է զարգացնել 3,3 վայրկյանում (լիաքարշ տարբերակին բավա՛ կան է 2,9 վայրկյան), իսկ մոդելի առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Ճնայած արտաքինից RWD տարբերակը դժվար է տարանջատել ստանդարտ Evo-ից, այն այնուամենայնիվ առանձնանում է առջևի նոր սփլիթերով, առջևի օդակլանիչների ուղղաձիգ աերոդինամիկ տարրերով, ինչպես նաև հետևի նոր դիֆուզորով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: