ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi-ն թարմացրել է RS 5 կուպեն և լիֆթբեքը:
10 Դեկտեմբեր 2019
Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է RS 5 Coupé և RS 5 Sportback մոդելների նորացված տարբերակները: Արտաքինից նորույթները կարելի է ճանաչել ռադիատորի ավելի մեծ ճաղավանդակով, թափարգելի կողատակի հատվածի օդակլանիչներով և նոր պատկերով մուգ լուսարձակներով:
Արտաքինի նման ձևափոխումները կոչված են էլ ավելի տարանջատել RS 5 շարքը սովորական A5-ից, ինչպես նաև մոտեցնել մոդելի կերպարը ավելի ավագ՝ RS 6 Avant և RS 7 Sportback մոդելներին: Բացի ճաղավանդակից և լուսարձակներից փոփոխության են նթարկվել կողային հատվածներն ու դիֆուզորը, որոնք այսուհետ հնարավոր կլինի լրացնել «սնդուսափայլ սև» և «փայլատ ալյումին» գույնի կամ ածխածնային պլաստիկից պատրաստված վերդիրներով: Թափքի գույների շարքը համալրվել է Turbo blue կապույտ և Tango red կարմիր երանգներով: Կաշվով և ալկանտարայով լրամշակված նստատեղերը նույնպես առաջարկվում են որպես ստանդարտ լուծում, իսկ նապպա կաշին՝ որպես օպցիա:
Սրահում ուշադրության են արժանի 10,1-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը, սարքավորումների վիրտուալ վահանակը և դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը՝ սեփական RS-գրաֆիկայով: Վարորդին հասանելի կլինեն նաև շարժման՝ RS1 և RS2 կարգավորվող ռեժիմները, որոնք ակտիվանում են ղեկի վրա առկա RS Mode կոճակով: Դրանց օգնությամբ վարորդը կարող է սահմանել փոխանցումատուփի, շարժիչի, դիֆերենցիալի և արտանետման համակարգի աշխատանքի հատուկ համադրություններ:
Audi RS 5-ի կապոտի տակ նախկինի պես տեղադրված է երկու տուրբոմղիչներով սարքավորված 2,9-լիտրանոց V6 շարժիչը, որն ապահովում է 450 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ quattro համակարգի հետ, որն առանձնանում է ինքնաբլոկավորվող միջսռնանի դիֆերենցիալով: Բազային տարբերակը առաջարկվում է RS սպորտային կախոցով, իսկ հավելավճարի դիմաց կարելի է ստանալ թափքի ճոճքը կլանող ադապտիվ կախոց, որի առանձնահատկությունը Dynamic Ride Control (DRC) պողպատյա զսպանակներն են:
Գերմանիայում և այլ եվրոպական երկներում նորացված Audi RS 5 Coupé և RS 5 Sportback մոդելների վաճառքները կմեկնարկեն մոտ ժամանակում: Երկու մեքենաների գինը սկսվում է 83 500 եվրոյից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: