ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley Continental GT Pikes Peak` նոր սահմանափակ սերիա:
03 Դեկտեմբեր 2019
Բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է Continental GT կուպեի հատուկ սահմանափակ սերիա, որը կթողարկվի ընդամենը 15 օրինակով: Այն նվիրված է այս տարվա ամռանը Պայքս Պիք լեռան վրա մրցարշավորդ Ռիս Միլլենի սահմանած ռեկորդին: Նվաճման մասին կհիշեցնեն առջևի կողաթևերի վրա առկա Pikes Peak գրվածքները, իսկ ռադիատորի ճաղավանդաի վրա օպցիոնալ կարելի կլինի ավելացնել «100» թիվը, որը կարտացոլի ապրանքանշանի հոբելյանը:
Այս տարվա հունիսի 30-ին Bentley-ն երկրորդ տարին անընդմեջ սահմանեց «Պայքս Պիք» մրցման ռեկորդ սերիական ավտոմեքենաների դասում: Մրցարշավորդ Ռիս Միլլենը Continental GT կուպեի ղեկին 19,99 կմ երկարությամբ վերելքը հաղթահարեց 10 րոպե 18 վայրկյանում՝ նախորդ ցուցանիշը բարելավելով ուղիղ 8 վայրկյանով: Սրանից մեկ տարի առաջ նույն Միլլենը Bentayga ամենագնացով շուրջ երկու րոպեով գերազանցել էր Փոլ Դալենբախի՝ Range Rover Sport-ով սահմանած ռեկորդը:
Այս վերջին ռեկորդի պատվին Bentley թողարկել էր Bentayga ամենագնացի Pikes Peak տարբերակը: Այժմ այն հասանելի է նաև Continental GT մոդելի համար: «Ռեկորդակիր» կուպեն կարելի կլինի ճանաչել Radium by Mulliner վառ կանաչ գույնով և սև սնդուսափայլ շեշտադրումներով, ածխապլաստիկից պատրաստված աերոդինամիկ տարրերով, Acid Green գույնի արգելակային ենթակիրներով և «գունավոր» շարքի Pirelli P Zero անվադողերով:
Այս սերիայի Bentley Continental GT-ի սրահը իրականացված է երկու գույնով: Հիմնականը սև Beluga-ն է, լրացուցիչը՝ կանաչ Radium-ը: Լրամշակման մեջ կիրառված են նաև ալկանտարա կաշի և կարբոն: Առջևի վահանակի վրա նկատելի է Pikes Peak մրցուղու սխեմատիկ պատկերը՝ դրա հաղթահարման ժամանակագրությամբ (ընդհանուր առմամբ այս գրաֆիկան հասանելի կլինի հինգ տարբերակով): Դռներին տեղադրված են Bang&Olufsen աուդիոհամակարգի բարձրախոսների երկգույնանի դեկորատիվ ցանցերը:
Սահմանափակ թողարկմամբ Contintnal GT-ի կապոտի տակ, ինչպես և մրցարշավային տարբերակում, տեղադրված է 6,0-լիտրանոց W12 շարժիչը: Այն զարգացնում է 635 ձ.ուժ հզորություն և 900 Նմ ոլորող մոմենտ: Լիաքարշ համակարգի և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ համադրված՝ դա բավարար է, որպեսզի տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը կուպեն զարգացնի 3,7 վայրկյանում: Առավելագոյն արագությունը սահմանափակված է 333 կմ/ժ ցուցանիշով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: