ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Tesla Cybertruck` զրահապատ պիքապի շնորհանդեսը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24 Նոյեմբեր 2019
ԱՄՆ-ում կայացավ Tesla ապրանքանշանի առաջին պիքապի շնորհանդեսը: Մեքենան արմատապես տարբերվում է ամերիկյան շուկայում մեծ տարածում գտած այնպիսի մոդելներից, ինչպիսին է, օրինակ, Ford F-150-ը: Նոր Tesla-ն ստացել է անսովոր դիզայնով թափք, որը պատրաստված է SpaceX տիեզերանավերում կիրառվող նյութերից, ինչպես նաև առանձնանում է տպավորիչ դինամիկ բնութագրերով:
Tesla Cybertruck-ի հիմքում ընկած է յուրօրինակ «էքզոկմախք»՝ գերամուր պողպատից պատրաստված թափք, որն ունակ է դիմակայել նույնիսկ 9-միլիմետրանոց գնդակներով կրակահերթերին: Պոլիմերային կոմպոզիտից պատրաստված Tesla Armor Glass ապակիները սովորականից ավելի ամուր են: Էլեկտրամոբիլը առանձնանում է նստատեղերի 3+3 բանաձևով: Մեքենայի երկարությունը 5885 միլիմետր է, լայնությունը՝ 1905 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 2027 միլիմետր: Հետևի բացվող կողեզրով բեռնավորման բաժանմունքի տարողունակությունը դարակի տակ 2,8 խորանարդ մետր է: Ըստ Tesla-ի՝ պիքապի առավելագույն բեռնվածությունը կարող է կազմել 1588 կգ, իսկ կախված մոդիֆիկացիայից, Cybertruck-ը կարող է քարշակել 3,4-ից մինչև 6,4 տոննա զանգվածով կցորդ:
Սրահը իրականացված է Tesla-ին բնորոշ մինիմալիստական ոճով: Սարքավորումների վահանակը բացակայում է, իսկ էլեկտրամոբիլի բոլոր ֆունկցիաների կառավարումը իրականացվում է 17-դյույմանոց պլանշետի միջոցով: Նոր ինտերֆեյսով սեսնորային էկրանը տեղադրված է հորիզոնական դիրքով, ինչպես և Model 3 սեդանում: Եվ վերջապես, ինչպես և ապրանքանշանի մյուս մոդելները, Cybertruck-ը կսարքավորվի ինքնավար համակարգով:
Նորույթը կառաջարկվի երեք ագրեգատներով, սակայն դեռևս մանրամասներ չեն հաղորդվում դրանց հզորության, ինչպես նաև մարտկոցների տարողունակության մասին: Հայտնի է միայն, որ բազային տարբերակի համար նախատեսված է հետևի սռնիի վրա տեղադրվող մեկ էլեկտրական շարժիչ, որը կապահովի 0-ից 97 կմ/ժ թափառք 6,5 վայրկյանում և առավելագույն 177 կմ/ժ արագություն: Այս մոդիֆիակցիայի ընթացքի պաշարը կկազմի 400 կմ, իսկ գինը կսկսվի 39,9 հազար դոլարից: Միևնույն ժամանակ երկու էլեկտրական շարժիչներով համալրված լիաքարշ Cybertruck-ը կառաջարկվի 49,9 հազար դոլարով: Դրա 0-ից 97 կմ/ժ թափառքը կզբաղեցնի 4,5 վայրկյան, առավելագույն արագությունը կկազմի 193 կմ/ժ, իսկ ընթացքի պաշարը՝ 480 կմ:
Առավել հզոր մոդիֆիկացիայի դինամիկ բնութագրրը էլ ավելի տպավորիչ են: Երեք էլեկտրական շարժիչներով (մեկը՝ առջևում, երկուսը՝ հետևում) համալրված Cybertruck-ը վերը նշված էտալոնային արագությունը զարգացնում է ընդամենը 2,9 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արգությունը 209 կմ/ժ է: Ընթացքի պաշարը գերազանցում է 800 կմ: Ճիշտ է, այն գրեթե կրկնակի ավելի թանկ է, քան բազային տարբերակը, և շուկա կհանվի սկսած 69,9 հազար դոլար արժեքով: Tesla-ն արդեն սկսել է պատվերների ընդունումը, սակայն առաջին օրինակները հաճախորդներին կհասցվեն միայն 2021 թվականի վերջում, իսկ առավել հզոր մոդիֆիկացիան հասանելի կլինի 2022 թվականից ոչ շուտ:
Tesla Cybertruck էլեկտրական ինքնավար պիքապի շնորհանդեսի ընթացքում ընկերության հիմնադիր՝ Իլոն Մասկը ցուցադրեց դրա կիրառման ևս մի քանի տարբերակ: Մեքենան կարելի կլինի սարքավորել այնպես, որ այն ծառայի որպես շարժական տուն՝ վրանով և խոհանոցով, ինչպես նաև հարմարեցնել կվադրոցիկլի տեղափոխման համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: