ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Maybach GLS` շքեղության նոր չափորոշիչ:
22 Նոյեմբեր 2019
Mercedes-Maybach ապրանքանշանը մտնում է լյուքս դասի ամենագնացների սեգմենտ՝ մի փոքր ուշացումով միանալով Rolls-Royce-ին և Bentley-ին: Սակայն այդ մուտքը իրոք տպավորիչ է: Mercedes-Maybach GLS մոդելը կստանա 600 ցուցիչը և ֆիրմային 4Matic բնութագրիչը: Ամենագնացի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի երկրորդ կեսին: Հայտնի է, որ մոդլեի համար պահված է նաև 680 ցուցիչը, սակայն այդ մոդիֆիկացիայի մասին դեռևս ոչ-մի բան հայտնի չէ: Մեքենայի վերջնական արժեքը հայտնի կդառնա վաճառքի մեկնարկից առաջ:
Ի տարբերություն Vision Mercedes-Maybach Ultimate Luxury քրոս-սեդանի, Mercedes-Maybach սերիական ամենագնացը գրեթե չի տարբերվում նոր GLS մոդելից: Հիմնական առանձնահատկություններից են ռադիատորի ճաղավանդակը՝ ուղղաձիգ բարակ կողերով, կապոտի վրա առկա եռաճառագայթ աստղը և հետևի կանգնակների Maybach նշանները: Ճաղավանդակի ձևավորումը հիշեցնում է Մայբախին բնորոշ հիմնական մոտեցումը՝ լամելները պետք է նմանվեն բարակ զոլավոր դասական կոստյումի նախշազարդին: Քրոմի առատ կիրառումը բացատրվում է այս տիպի մեքենաների հիմնական շուկաների՝ Չինաստան և Մերձավոր Արևելք, սպառողների նախասիրությամբ:
Բացառիկ բազմաշյուղ անիվները հատուկ նախագծված են Maybach-ի համար: Ստանդարտ 22-դյույմանոց տարբերակները առանձնանում են սև սնդուսափայլ ներկվածքով, իսկ որպես օպցիա առաջարկվում են կոփած ալյումինից պատրաստված 23-դյույմանոց հղկված սկավառակները: Դրանք զարդարված են Mercedes-Benz-ի տարբերանշաններով և շրջանաձևի իրականացված Maybach գրվածքով:
Mercedes-Maybach GLS-ի նախագծողներն առավել մեծ ուշադրություն են դարձրել ուղևորներին՝ հնարավորինս հեշտացնելով ավտոմեքենայի մուտքն ու ելքը: Այստեղ մեծ օժանդակ դեր են խղում երկու մետր երկարությամբ և թափքի տակից դուրս քաշվող ոտնահենակները: Դրանք պատրաստված են անոդացված ալյումինից, սարքավորված են LED-լուսավորությամբ և չսայթակող ռետինե ներդիրներով: Դրանց ձևը նույնպես հիշեցնում է ռադիատորի ճաղավանդակի պատկերը: Ոտնահենակները կարող են դիմանալ մինչև 200 կմ ծանրաբեռնվածության և դռները բացելուն պես դուրս են քաշվում ընդամենը մեկ վայրկյանում:
Mercedes-Maybach GLS-ի հիմնական կորիզը սրահն է: Ամենագնացը կարելի է պատվիրել չորս կամ հինգ նստատեղերով: Հատուկ դասավորվածության շնորհիվ քառատեղ մոդիֆիկացիան լրացուցիչ 16 միլիմետր տարածություն է ապահովում ուսերի և արմունկների հատվածում: Ոտքերի հատվածում տարածությունը կազմում է 1103 մմ, իսկ եթե առջևի ուղևորի նստատեղը քաշվի դեպի առաջ, ապա այդ ցուցանիշը կհասնի 1340 միլիմետրի: Նստատեղերի և տանիքի միջև թողած է 1020 միլիմետր: Թիկնակներիի թեքության անկյունը կարելի է կարգավորել 27-ից մինչև 43,5 աստիճանի սահմաններում, իսկ նստատեղերն իրենցով 28 սանտիմետրով ավելի բարձր են տեղադրված, քան S-դասում:
Mercedes-Maybach GLS-ի բոլոր նստատեղերը ի սկզբանե սարքավորված են էլեկտրակառավարմամբ, տաքացման, օդափոխման և մերսման ֆունկցիաներով: Առջևի նստատեղերը բազմակոնտուրային են, գոտկատեղային հատվածի կարգավորմամբ, շրջադարձերում ակտիվացող դինամիկ օժանդակման ֆունկցիայով, թիկնակի փքովի բարձիկներով և ակտիվ նախավարժանքի ծրագրով: Հետևի առանձին նստատեղերը առաջարկում են տասը կետանի մերսման հնարավորություն՝ «տաք քարերի» էֆեկտով: Սրահում միկրոկլիման ապահովում է քառագոտի Thermotronic համակարգը: Հետևի ուղևորներին հասանելի է օդափոխման առանձին բլոկ՝ ջերմաստիճանի և օդի որակի սեփական կարգավորումով, ինչպես նաև երկու առանձին տաքացուցիչ ոտքերի հատվածում:
Կլիմայական սարքավորումը հետևում է դրսի և սրահի ջերմաստիճանին, արևի դիրքին և խոնավության մակարդակին: Նավիգացիան հուշում է, թե երբ է պետք անցնել ռեցիրկուլյացիայի ռեժիմին, օրինակ՝ թունել մտնելիս: Կլիմատ-կոնտրոլ համակարգի հիշողության մեջ կարելի է պահպանել մինչև յոթ մշտական ուղևորի համար նախատեսված կարգավորումներ: Բոլոր ֆունկցիաների կառավարումը իրականացվում է արմնկակալի վրա տեղադրված յոթ դյույմ անկյունագծով սենսորային պլանշետից:
Ավտոմեքենայի ինտերիերի նախագծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել զբոսանավերում կիրառվող լուծումները: Առջևի վահանակն ու նստատեղերը լրամշակված են նապպա կաշվով, իսկ դեկորատիվ տարրերը պատրաստված են փայլատ լաքով պատված փայտից և տարատեսակ մետաղներից: Mercedes-Maybach-ին բնորոշ «վարդագույն ոսկի» երանգը կարելի է հանդիպել սպիտակ կաշվով լրամշակված նստատեղերի եզրակավորումներում:
Բացի արդեն իսկ թվարկված տարրերից մոդելի սարքավորումների ցանկը ներառում է համայնապատկերային տանիք՝ շարժական և թեքվող սեկցիայով, սրահի ուրվագծային լուսավորում օպտիկամանրաթելային եղանակով, արևապաշտպան հովարների էլեկտրակառավարում, տաքացվող բաժակակալներ: Չորս նստաատեղով մոդիֆիկացիայի ամենագնացը կարելի է լրացուցիչ սարքավորել սառնարանով, որտեղ կտեղավորվեն շամպայնի երեք ստանդարտ շիշ, ինչպես նաև Mercedes-Maybach կատալոգում ներառած երկու արծաթյա գավաթների համար նախատեսված պահոցով:
Չնայած այն հանգամանքին, որ մեքենան կրում է 600 ինդեքսը, Mercedes-Maybach GLS-ը չի սարքավորվում V12 շարժիչով: Ոժային ագրեգատը նման է նոր Mercedes-AMG GLS 63-ին, այն է՝ չորս լիտրանոց երկտուրբո V8, գումարած 48-վոլտանոց EQ Boost հիբրիդային հավելված և ցածր ծանրաբեռնվածության դեպքում գլանների կեսի անջատելու ֆունկցիա: Շարժիչը զարգացնում է 558 ձ.ուժ հզորություն և 730 Նմ ոլորող մոմենտ, սակայն թափառքի ժամանակ EQ Boost ֆունկցիան ունակ է ապահովել ևս 22 ձ.ուժ և 250 Նմ: Շարժիչը համակցվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և էլեկտրոնային բաշխմամբ լիաքարշ համակարգի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ թափառքի համար մեքենային անրաժեշտ է 4,9 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով:
Mercedes-Maybach-ը սարքավորվում է ադապտիվ մեղմիչներով զինված Airmatic պնևմատիկ կախոցով: «Թռչկոտող» հիդրոպնևմատիկ E-Active Body Control կախոցը, որը սնվում է 48 վոլտ լարմամբ բորտային ցանցից, ներառած է օպցիաների շարքում: Ընդ որում երկու տարբերակներն էլ առանձնանում են աշխատանքի հատուկ ալգորիթմով, որն ապահովում է ընթացքի առավելագույն սահունություն: Ճանապարհային լուսածերպը կարգավորվում է ավտոմատ եղանակով: Օրինակ, բարձր արագությամբ ընթանալիս, ավտոմեքենան «կքանստում է», ինչը նվազեցնում է ճակատային դիմադրությունը:
Ուղևորների անվտանգության մասին հոգ է տանում օժանդակող համակարգերի մի ամբողջ հավաքածու: Դրանց թվում են ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, շարժման շարքի պահպանման համակարգը, կույր գոտիների մոնիթորինգի համակարգը, խոչընդոտները շրջանցելուն օժանդակող համակարգը: Էլեկտրոնային օգնականների ընդլայնված փաթեթի մեջ ներառված է Pre-Safe համալիրը, որը կարող է նախապես կանխել կողքից կամ հետևից ստացվող հարվածների հետևանքները: Multibeam LED ադապտիվ լուսարձակները` մեկ բլոկին բաժին ընկնող 112 լուսադիոդներով, հանդիսանում են ստանդարտ համալրման մաս:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: