ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Skoda Octavia-ի նոր սերունդը ներկայացվել է հանրությանը:
13 Նոյեմբեր 2019
Չեխական Skoda ընկերությունը բացահայտել է նոր Octavia մոդելի բոլոր մանրամասները: Չորրորդ սերնդի մոդելը ավելի մեծ է, առանձնանում է գրեթե հեղափոխական սրահով և առաջին անգամ առաջարկվում է նաև լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիայով: Նոր Octavia-ի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2020 թվականի սկզբին:
Մոդելը ներկայացվել է միանգամից երկու տիպի թափքով, ընդ որում ունիվերսալը վաճառքի կհանվի մի քանի շաբաթ ավաելի շուտ, քան լիֆթբեքը: Սա պատահական չէ, քանի որ Combi տարբերակը կազմում է մոդելի եվրոպական վաճառքների ավելի քան 50 տոկոսը: Նորույթը որոշակիորեն մեծացել է: Այսպես, առանց անվային բազայի փոփոխության, մեքենայի երկարությունը աճել է 22 միլիմետրով և այժմ կազմում է 4689 մմ, իսկ լայնությունը աճել է 15 միլիմետրով՝ կազմելով 1829 մմ:
Արտաքինից Octavia-ն ավելի է նմանվել մակնիշի առաջատարը համարվող ռեսթայլինգային Skoda Superb-ին: Նմանությունը արտահայտվում է թափարգելների դիզայնում, հետևի լուսարձակների ձևավորման մեջ և ընդհանուր համամասնություններով: Ինժեներներին և դիզայներներին հաջողվել է նվազեցնել մոդելի աերոդինամիկ դիմադրությունը: Այսպես, լիֆթբեքի Сх ցուցանիշը այժմ կազմում է 0,24, իսկ ունվերսալինը՝ 0,26:
Նոր Octavia-ի սրահը տեխնոլոգիապես նման է ութերորդ սերնդի Golf-ի լուծումներին: Volkswagen-ից են փոխառվել սարքավորումների վահանակի և մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանները, պրոյեկցիոն դիսփլեյը, համայնապատեկերային տանիքի սենսորային կառավարումը, և ռոբոտացված փոխանցումատուփի կառավարման փոխարկիչը: Նոր տեղեկատվական ժամանցային համալիրը կառավարվում է ձայնային հրահանգների օգնությամբ և թույլ է տալիս միանալ համացանցին:
Չնայած թվային լուծումների առատությանը, ֆիզիկական կոճակները ևս չեն անհետացել: Օդատարների վերին հատվածում առկա է ութ կոճակներից բաղկացած բլոկը, իսկ լուսարձակները կառավարվում են հատուկ վահանակի օգնությամբ: Հարստացել է նաև օպցիաների ցանկը: Այսպես, Octavia-ն առաջին անգամ կարելի կլինի պատվիրել մատրիցային լուսարձակներով, օդափոխման և մերսման ֆունկցիաներով սարքավորված առջևի նստատեղերով և եռագոտի կլիմատ-կոնտրոլ համակարգով: Skoda-ն ապահովում է նաև երկրորդ շարքի ուղևորների հարմարավետությունը, չնայած, որ բեռնախցիկի ծավալը մեծացվել է 30 լիտրով և ունիվերսալի համար կազմում է 640 լիտր:
Դեռևս հայտնի է միայն եվրոպական շուկայի համար նախատեսված ուժային ագրեգատների տեսականին: Բենզինային տուրբոշարժիչների շարքը բաղկացած է 1 լիտր ծավալով 110 ձ.ուժ հզորությամբ եռագլան շարժիչից, 1.5-լիտրանոց 150 ձ.ուժ հզորությամբ քառագլան շարժիչից և 190 ձ.ուժ հզորությամբ 2.0-լիտրանոց քառագլան շարժիչից: Բազային ագրեգատները համակցվում են 6-աստիճան մեխանիկական կամ 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփերից մեկի հետ, իսկ առավել հզորը՝ միայն երկկցորդանի DSG-7 փոխանցումատուփի հետ: Հետաքրքիր է, որ պարզ ռոբատացված տարբերկաների համար կարելի է պատվիրել 48-վոլտանոց ստարտեր-գեներատոր, ինչը կապահովի վառելիքի մինչև տասը տոկոսի խնայողություն:
Դիզելային Octavia-ն հասանելի է միայն երկլիտրանոց տուրբոշարժիչով, որը ունակ է զագացնել 115, 150 կմ 200 ձ.ուժ հզորություն: Հատկանշական է, որ մոդելի առավել հզոր մոդիֆիկացիաները կարելի կլինի պատվիրել լիաքարշ տարբերակով: Որպես այլընտրանքային լուծում առաջարկվում է նաև երկվառելիքային մոդիֆիկացիան՝ Skoda Octavia G-Tec-ը, որը սարքավորված է 130 ձ.ուժ հզորությամբ 1,5-լիտրանոց շարժիչով, որը կարող է սնուցվել թե բեզնինի բաքից, թե մեթանի բալոններից:
Առաջին անգամ հանրությանն է ներկայացվում նաև Octavia iV մոդիֆիկացիան՝ լիցքավորվող հիբրիդ, որը թույլ է տալիս միայն էլեկտրական քարշակմամբ հաղթահարել մինչև 55 կմ WLTP ցիկլում: Octavia iV-ն սարքավորվում է նախորդ սերնդի 1.4 TSI բենզինային ագրեգատով և 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի մեջ ներկառուցված էլեկտրական շարժիչով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: