ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Geely-ն ցուցադրել է Volvo-ի հետ համատեղ նախագծած քրոսովերը:
12 Նոյեմբեր 2019
Չինական Նանկին քաղաքում կայացավ Geely Icon քրոսովերի սերիական մոդելի շնորհանդեսը: Ավտոմեքենան նախագծվել է Volvo ընկերության մասնագետների հետ համատեղ և կառուցված է BMA հենահարթակի հիման վրա: Հիշեցնենք, որ Icon կոնցեպտը առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին Պեկինում:
Սերիական Geely Icon-ը շատ առումներով նման է կոնցեպտին: Օրինակ, այն պահպանել է ռադիատորի ճաղավանդակի հորիզոնական կտրվածքը, ուղղաձիգ լուսարձակները և դրանք եզրակավորող լուսադիոդային ժապավենները: Ավտոմեքենայի առանձնահատկություններից են դռների դուրս քաշվող բռնակները և հետևի լապտերների՝ անվերջության նշան հիշեցնող պատկերները:
Volvo-ին բնորոշ մինիմալիստական ոճով է իրականացված նաև ավտոմեքենայի սրահը: Կենտրոնական բարձակի վերին հատվածում տեղադրված է մուլտիմեդիա համակարգի մեծ էկրանը, որի տակ տեղադրված են օդափոխության համակարգի՝ նույնպես անվերջության նշանի տեսք ունեցող օդատարները: Սարքավորումների վահանակը թվային է, իսկ դրա էկրանը տեսանելի կլինի նույնիսկ ամենավառ արևոտ օրերին:
Քրոսովերը կսարքավորվի 1,5 լիտր ծավալով և 177 ձ.ուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչով, որը կհամակցվի 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: