ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Ford Bronco-ն դարձել է մրցարշավային ամենագնաց: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Նոյեմբեր 2019
Ամերիկյան Ford ընկերությունը ցուցադրել է Bronco R մրցարշավային նախատիպը: Մեքենայի դիզայնն ու կառուցվածքը հիմնված են նոր սերնդի սերիական ամենագնացի վրա, որը, սակայն, դեռևս պաշտոնապես ներկայացված չէ: Իրադարձությունը նվրիրված է ամերիկացի հանրահայտ մրցարշավորդ Ռոդ Հոլին, որը հաղթել էր 1969 թվականի Baja 1000 մրցարշավում:
Ford Bronco R նախատիպի համամասնություններն ու ոճը տուրք են մատուցում առաջին սերնդի ավտոմեքենային, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում են նաև նոր ամենագնացի արտաքինը: Մոդելը նախագծված է Geiser Brothers արհեստանոցի և Baja 1000 մրցարշավի մեկ այլ հաղթող՝ Քեմերոն Սթիլի հետ համագործակցության արդյունքում: Bronco R-ի հիմքում ընկած է Ford T6 կատարելագործված հենահարթակը, որը օգտագործվում է և սերիական ավտոմեքենայի համար:
Bronco R-ը սարքավորված է առջևի անկախ կախոցով, իսկ հետևում կիրառված է հինգլծականի տարբերակ: Առջևից կախոցի ընթացքը կազմում է 357 մմ, իսկ հետևից՝ 457 մմ: Բացի այդ մեքենան ստացել է Fox մեղմիչներ, 17-դյույմանոց անվահեծեր և 37-դյույմանոց BFGoodrich անվադողեր: Որպես ուժային ագրեգատ ծառայում է EcoBoost շարժիչը՝ երկու տուրբոմղիչներով: Թափքի պանելների մի մասը, այդ թվում բացվող կապոտն ու տանիքը, պատրաստված են թեթև կոմպոզիտային նյութից, իսկ ընդհանուր գունային լուծումները փոխառած են Ռոդ Հոլլի ավտոմեքենայից:
Նախատիպի, ինչպես նաև կառուցվածքի ապրանքային տարրերի փորձարկումը կմեկնարկի արդեն այս ամիս: Ամենագնացը կմասնակցի Կալիֆորնիայում անցկացվող 1609 կմ երկարությամբ ավտոարշավին: Դրանից հետո Bronco R-ը կմասնակցի նաև մի քանի հեղինակավոր արտաճանապարհային մրցավազքերի, իսկ ղեկին կլինի Ռոդ Հոլի թոռնուհին՝ Շելբի Հոլը:
Ներկայումս վերածնված Ford Bronco-ի մասին շատ բան հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կառուցված է Ranger պիքապի հենահարթակի վրա, իսկ դիզայնը հիմնված կլինի դեռևս 2012 թվականին ներկայացված Troller R-X կոնցեպտի լուծումների վրա: Ըստ ամենայնի նոր Bronco-ն կսարքավորվի յոթաստիճան մեխանիկական փոխանցումատուփով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: