Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնապես ներկայացվել է BMW iNEXT էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Սեպտեմբեր 2018

Համացանցում հայտնվել են կոնցեպտուալ BMW iNEXT էլեկտրական քրոսովերի լուսանկարները: Նորույթը կոչված է ցուցադրել ապագայի տրանսպորտի տեսլականը և կդառնա 2021 թ սերիական մոդելի նախատիպը: ԶԼՄ ներկայացուցիչներին ավտոմեքենան կցուցադրվի անսովոր եղանակով՝ BMW Vision iNext World Flight ավիաշոուի շրջանկաներում: 



iNEXT-ի ապրանքային տարբերակը, որի նորամուտը նախատեսված է 2021 թ, կդառնա հինգերորդ սերնդի BMW ավտոմեքենաներից երկրորդը, որը կստանա ամբողջովին էլեկտրական շարժակ:  BMW AG կոնցերնի տնօրենների խորհրդի նախագահ Հարալդ Քրյուգերը նշում է, որ մոդելը կմեկտեղի ապագայի բոլոր կարևորագույն տեխնոլոգիաները՝ էլեկտրական ուժային ագրեգատը, համացանցին մշտական միացությունը և ինքնավար կառավարման հնարավորությունը:   



Չափսերով և համամանություններով BMW iNEXT-ը նմանեցված է ներկայիս սերնդի X5 մոդելին, իսկ դիզայնը հիշեցնում է նախորդ տարի ներկայացված BMW i Vision Dynamics կոնցեպտի լուծումները: Այս մեքենաներն առանձնանում են միմյանց նմանվող կողային ապակեպատմամբ, թափքի առաջնամասի, հետնամասի և կողեզրերի երկնագույն լուսավորությամբ, ինչպես նաև ռադիատորի ծանրակշիռ վանդակաճաղով:  Ընդ որում վերջինը կատարում է նաև  «ինտելեկտուալ վահանակի» դեր՝ դրա հետևում են թաքնված ինքնավար կառավարման համակարգի ցուցիչները:



Նախատիպը իրականացված է Liquid Greyrose Copper գույնով, որը կախված արրտաքին լուսավորությունից փոխում է իր երանգը ջերմ պղնձագույնից մինչև մուգ վարդագույն: Այլ առանձնահատկություններից հիշատակման են արժանի թարս բացվող դռները, կողային հայելիների փոխարեն կիրառված տեսախցիկները, ինչպես նաև դռների ավանդական բռնակները փոխարինած հպումային կառավարմամբ գրաֆիկական տարրերը: 



BMW iNEXT-ի էլեկտրական ուժային ագրեգատի մանրամասները դեռևս չեն բացահայտվում: Հայտնի է, որ կոնցեպտի համար նախատեսված է շարժման երկու ռեժիմ՝ Boost, երբ վարորդն ինքն է առավարում ավտոմեքենան, և Ease, որը ենթադրում է ինքնավար կառավարում: Ինքնավար ռեժիմի պայմաններում ղեկը ներս է քաշվում առջևի վահանակի մեջ, ինչը զգալիորեն ընդարձակ է դարձնում սրահը, իսկ հիմնական դիսփլեյի վրա սկսում են արտացոլվել գեոլոկացիոն տվյալներ և մոտակայքում անցկացվող հետաքրքիր միջոցառումների ցանկը: 

 

Կոնցեպտուալ ամենագնացը սարքավորված է  Sky Tech տեխնոլոգիայով: Դրա գլխավոր առանձնահատկութունն այն է, որ ինտերիերի ցանկացած մասնիկ կարող է դառնալ ինտերֆեյսի տարր: Օրինակ, մեքենան զուրկ կլինի ավանդական դիսփլեյներից, իսկ դրանց դերը կարող էկատարել կենտրոնական բարձակի մակերևույթը, դռների  կամ առաստաղի ներդիրները: Իսկ հիմնական ֆունկցիաների կառավարումը ենթադրվում է իրականացնել փայտից կամ հատուկ գործվածքից պատրաստված մակերևույթների վրա պարբերաբար հայտնվող վիրտուալ կոճակների միջոցով:



Sky Tech-ի մաս է կազմում նաև անհատական վիրտուալ օգնականը, որը կարող է միանալ ցանկացած շարժական սարքի կամ ինտեգրվի խելացի տան համակարգին: Այս ամենից զատ ուշադրության են արժանի զանազան «խելացի նյութերը», որոնք կարող են հանդես գալ որպես կառավարման  օրգաններ, իչպես նաև սրահի լուսավորման եզակի համակարգը, որը կարող է ծառայել նաև որպես ինտերակտիվ պրոյեկցիոն էկրան: 


Ըստ ընկերության զարգացման ռազմավարական պլանի արդեն 2025 թ BMW-ն պատրաստվում է թողարկել 25 նոր էլեկտրականացված ավտոմեքենա, որոնցից տասներկուսը կլինեն ամբողջովին էլեկտրական: Հատկանշական է, որ դրանցից ամենահզորները կզարգացնեն ավելի քան 800 ձ.ուժ, ինչի շնորհիվ 0-ից 100 կմ/ժ արագացումը հնարավոր կլինի իրականացնել ընդամենը 3 վայրկյանում:  


Հիշեցնենք, որ 2017 թ սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացված  BMW i Vision Dynamics էլեկտրական նախատիպը  0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում էր չորս վայրկյանում: Այդ մոդելի ընթացքի պաշարը կազմում էր 600 կմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում էր 200 կմ/ժ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio