ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kia ProCeed ` նոր «շութինգ-բրեյքը» Կորեայից:
13 Սեպտեմբեր 2018
Հինգդռնանի Kia ProCeed «շութինգ-բրեյքը» գաղտնազերծվել է Փարիզում կայանալիք պրեմիերայի նախօրեին: Մոդելն ամբողջովին նախագծել են Kia-ի գերմանական դիզայն-կենտրոնն ու փորձարարա-նախագծական եվրոպական ստորաբաժանումը, իսկ դիզայնի լուծումներն արդեն իսկ բացահայտվել էին 2017 թ կոնցեպտի մեջ: Մոդելն աչքի է ընկնում սահուն տանիքով, թափքի յուրահատուկ հետնամասով և ունիվերսալին բնորոշ ֆունկցիոնալությամբ:
ProCeed-ը կառուցված է K2 հենահարթակի վրա՝ հատուկ կարգաբերված կախոցի և ավելի կոշտ զսպանակների կիրառմամբ: Դրա անվային բազան չի տարբերվում մոդելի մյուս մոդիֆիկացիաների ցուցանիշից և կազմում է 2650 մմ: Միևնույն ժամանակ նորույթը 5 մմ ավելի երկար է և 43 մմ ավելի ցածր է, քան նույնանուն ունիվերսալը: Ճանապարհային լուսածերպը նվազեցված է հինգ միլիմետրով և այժմ կազմում է 135 մմ: Բեռնավորման բաժանմունքի ծավալը 594 լիտր է, ինչը 31 լ ավելի պակաս է, քան Kia Ceed SW մոդելինը:
Նոր Kia ProCeed-ի շարժիչների գամման բաղկացած է 120 ձ.ուժ հզորությամբ և 172 Նմ ոլորող մոմենտով մեկլիտրանոց տուրբոշարժիչից և 140 ձ.ուժ հզորությամբ և 242 Նմ ոլորող մոմենտով 1,4-լիտրանոց T-GDi ագրեգատից: Մոդելի համար հասանելի կլինի նաև 1,6-լիտրանոց դիզելային շարժիչը (136 ձ.ուժ և 280 Նմ), որը, համադրվելով 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ ապահովում է մինչև 320 Նմ ոլորող մոմենտ: Եվ վերջապես GT տարբերակը սարքավորվում է 1,6-լիտրանոց տուրբոշարժիչով, որը զարգացնում է 204 ձ.ուժ և 265 Նմ ոլորող մոմենտ: Այս մոդիֆիկացիան նաև առանձնանում է փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկներով:
Kia ProCeed-ի սարքավորումները ներառում են 7- կամ 8-դյույմանոց հպումային էկրանով տեղեկատվական-ժամանցային համակարգը, պրեմիոմ-կարգի JBL աուդիոհամակարգը առանց բանալիի հասանելիության ֆունկցիան, բեռնախցիկի դռան ավտոմատ բացման հնարավորությունը, երթևեկության ռեժիմի ընտրության ֆունկցիան, դիմապակու տաքացումը, սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը, առջևի և հետևի նստատեղերի տաքացումը:
Այս ամենից զատ նոր «շութինգ-բրեյքը» սարքավորվում է շարժման շարքի պահպանման համակարգով, որը աշխատում է 0-180 կմ/ժ արագության պայմաններում, ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, կայանմանն օժանդակող համակարգով, ճակատային բախումների կանախարգելման համակարգով, հետիոտներին հայտնաբերման ֆունկցիայով, ինչպես նաև կայունության էլեկտրոնային վերահսկման համակարգով՝ քարշուժի վեկտորացման հնարավորությամբ:
Ենթադրվում է, որ նոր Kia ProCeed-ի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2019թ առաջին եռամսյակում: Իսկ Հայաստանում Kia ավտոմեքենաների ողջ տեսականուն կարող եք ծանոթանալ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերության ավտոսրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: