Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz-ը ներկայացրեց նոր սերնդի GLE քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12 Սեպտեմբեր 2018

Համաշխարհային պրեմիերայի նախօրեին Mercedes-Benz-ը գաղտանզերծեց նոր սերնդի GLE քրոսովերը: Այն կփոխարինի դեռևս 2011 թ.-ից թողարկվող ավտոմեքենան: Նոր GLE-ն կառուցված է  MHA (Modular High Architecture) քրոսովերային հենահարթակի վրա, որը շատ ընդհանրություններ ունի մարդատար Մերսեդեսների համար կիրառվող MRA (Modular Rear Architecture) կառուցվածքի հետ:


Նորույթի սրահը պետք է ավելի ընդարձակ լինի, քանի որ ավտոմեքենայի անվային բազան հասցվել է 2995 մմ (+80 մմ նախորդի համեմատ): Սրա հաշվին 69 մմ-ով մեծացել է նաև հետևի ուղևորների ոտքերի տարածությունը: Ընդ որում հետևի նստատեղերը համալրվել են կարգավորման ֆունկցիայով՝ ինչպես լայնակի (100 մմ տիրույթում), այնպես էլ թիկնակի թեքման անկյունով: Հավելավճարի դիմաց հնարավոր է պատվիրել նաև նստատեղերի երրորդ շարք:



Ավտոմեքենայի կառավարումն իրականացվում է մեծ հպումային պլանշետի միջոցով, որը միավորում է սարքավորումների վիրտուալ վահանակն ու մուլտիմեդիա համակարգի 12,3-դյույմանոց էկրանը: MBUX մուլտիմեդիա համակարգը արդեն իսկ կիրառվել է նոր А-դասում: Այն կարելի է կառավարել ժեստերով կամ ձայնային հրահանգների օգնությամբ, իսկ համակարգն ինքնին ինտեգրված է Mercedes Me բջջային հավելվածի հետ:



Վարորդը կարող է ընտրել վիրտուալ վահանակի չորս ոճերից մեկը՝ «Ժամանակակից դասական», «Սպորտ»՝ սև ու դեղին թվատախտակներով, «Առաջադեմ»՝ թվային լուծումներով, և «Զուսպ», երբ վահանակի վրա արտացոլվում է միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկատվությունը: Առկա է նաև գունավոր պրոյեկցիոն դիսփլեյը:  



Նոր Mercedes-Benz GLE-ն աչքի է ընկնում հստակ նախագծված աերոդինամիկայով: Այն լավագույնն է իր դասում ճակատային դիմադրության ցուցանիշով՝ 0,29, նախկին 0,32-ի փոխարեն:  Սրան հասնելու համար կիրառվել են զանազան հնարքներ: Այսպես, քանի դեռ շարժիչին անհրաժեշտ չի ուժեղացված հովացում, հատուկ մեխանիզմը ծածկում է ռադիատորի վանդակաճաղը:  Բացի այդ հատակի զգալի հատվածը ծածկված է տափակ վահաններով, բոլոր անիվների առջև տեղադրված են ճկուն սփոյլերներ, հետնամասում տեղադրված է դիֆուզոր, և նույնիսկ անվասկավառակներն ու անվադողերը ենթարկվել են հատուկ աերոդինամիկ լրամշակման:  



Նոր GLE քրոսովերը կդառնա Mercedes-ի առաջին մոդելը, որը կսարքավորվի E-Active Body Control կախոցով: Որպես օպցիա այն կարելի է տեղադրել ինչպես 6-, այդպես էլ 8-գլանանոց շարժիչներով սարքավորված ավտոմեքենաների վրա: Այս համակարգի կիրառումը պահանջել է նաև 48 Վ սնուցման աղբյուրի տեղադրում. դրանից սնվում են մեղմիչների կոմպակտ էլեկտրական շարժիչները:  



Արագագործ E-ABC համակարգը կանխում է ոչ միայն լայնկաի ճոճքն, այլև ավտոմեքենայի առաջնամասի և հետնամասի տատանումները համապատասխանաբար կտրուկ արգելակումնեի կամ արագացումների ժամանակ: Իսկ ստերեոտեսախցիկներով սարքավորված մոդիֆիկացիաների էլեկտրոնային համակարգերը օգնում են մեքենային հարմարվել առջևում ընկած ճանապարհածածկի վիճակին: 



Նոր GLE-ի համար առաջարկվում են քառագլան, ինչպես նաև 6- և 8-գլանանոց շարժիչներ: Այս պահին հայտնի են միայն մեկ մոդիֆիկացիայի մանրամասներ:  Mercedes-Benz GLE 450 4MATIC մոդելը կստանա 367 ձ.ուժ հզորությամբ երեքլիտրանոց շարային  տուրբոշարժիչ, որը զարգացնում է առավելագույն 500 Նմ ոլորող մոմենտ: Իսկ «փափուկ հիբրիդի» EQ Boost տարբերակը կապահովի լրացուցիչ 200 Նմ և 22 ձ.ուժ հզորություն:  Ենթադրվում է, որ ապագայում մոդելը կառաջարկվի նաև լիցքավորվող հիբրիդային տարբերակով:  



Նոր Mercedes-Benz GLE-ի բոլոր մոդիֆիկացիաները սարքավորվելու են 9-աստիճան ավտոմատ 9G-Tronic փոխանցումատուփով, իսկ ահա լիաքարշ համակարգը կտարբերվի:  Քառագլան տարբերակները կստանան պարզ համակարգ՝ միջլիսեռային դիֆերենցիալով, որը բաշխում է ոլորող մոմենտը երկու սռնիների միջև հավասարաչափ:  Այս համակարգի արտաճանապարհային հնարավորությունները բարձրացվում են բլոկավորման էլեկտրոնային իմիտացիաների շնորհիվ:  



Վեց և 8-գլանանոց շարժիչներով մոդելները սարքավորվելու են էլեկտրոնային կառավարմամբ բազմասկավառակային կցորդիչով, որն անհրաժեշտության դեպքում սահուն կերպով միացնում է նաև առջևի անիվների քարշակումը: Ծանր արտաճանապարհային պայմաններում այն կարող է նաև ապահովել առջևի սռնու կոշտ միացումը: Նման մեքենաները կսարքավորվեն նաև իջեցնող փոխանցումով: 



Նոր GLE-ն աչքի է ընկնում էլեկտրոնային օժադնակող համակարգերի հարուստ ընտրությամբ: Դրանց թվում է, օրինակ, ակտիվ քրուիզ-կոնտրոլը, որը հարմարվում է առջևից ընթացող ավտոմեքենաների արագությանը և անհրաժեշտության դեպքում  ունակ է ամբողջովին կանգնեցնել ավտոմեքենան: Վթարային արգելակման համակարգը ձախ շրջադարձի ժամանակ գրանցում է հակընթաց տրանսպորտի հոսքը և պետք եղած պահին արգելակում մեքենան: Իսկ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող համակարգը ստացել է նոր ֆունկցիա՝ այն կարող է ավտոմատ կերպով սեղմվել շարքի եզրին՝ շտապօգնության և հրշեջ մեքենաները բաց  թողնելու համար: 



Լիովին նոր Mercedes GLE քրոսովերի թեստային արտադրությունն արդեն իսկ մեկնարկել է ընկերության ամերիկյան գործարանում: Իսկ մոդելի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի սկզբին՝ Փարիզի ավտոսրահում: Ենթադրվում է, որ ավտոմեքենայի վաճառքները կսկսվեն արդեն 2019 թ առաջին ամիսներին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio