Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա 1՝ Ferrari-ն ամրապնդում է դիրքերը Մեծ Բրիտանիայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08 Հուլիս 2018

Ամեն տարի մրցաշրջանից առաջ սկսում են լուրեր պտտվել, որ Սիլվերսթոունը բավարար ֆինանսներ չունի Ֆորմուլա 1-ի հերթական մրցափուլն անցկացնելու համար, բայց ամեն տարի էլ այդ միջոցները կախարդական կերպով գտնվում են և Մեծ Կրկեսը այցելում է Մարախլապատ Ալբիոն: Այս անգամ Մեծ Բրիտանիայի Գրան-պրին եզրափակում էր միմյանց անմիջապես հետևած երեք եվրոպական մրցափուլերի շարքը: 



Արդեն իսկ մարզումային մրցելույթների ժամանակ պարզ դարձավ, որ պայքարը կրկին կծավալվի Mercedes-ի և Ferrari-ի միջև: Ուրբաթ oրը լավագույն արդյունքը ցուցադրեց Հեմիլթոնը, շաբաթ՝ առաջինը Ֆեթելն էր, իսկ որակավորման փուլում Լյուիսը ընդամենը 0.044 վայրկյանով առաջ անցավ իր հիմնական մրցակցից՝ նվաճելով տնային մրցուղում իր արդեն վեցերորդ փոուլը: 



Լուրջ իրադարձություններ սկսեցին ծավալվել առաջին իսկ շրջաններից: Հեմիլթոնը տապալեց մեկնարկը՝ թույլ տալով շրջանցել իրեն Ֆեթելին և Բոթասին: Նույնն էր ցանկանում անել նաև Կիմի Ռայկկոնենը, սակայն չկարողացավ կառավարել բոլիդը և բախվեց Mercedes-ին: Արդյունքում Հեմիլթոնը հայտնվեց վերջին տեղում, իսկ ֆինլանդացի մրցարշավորդը ստացավ 10 վայրկյան տուգանք:



Մինչ պելոտոնի առջևում պայքարը հանդարտվեց ու մրցարշավորդների փոխադարձ դիրքերը որոշ ժամանակով կայունացան, Հեմիլթոնը սկսեց իր առաջխաղացումը վերջին հորիզոնականից, և ընդամենը 10 շրջան հետո ընթանում էր արդեն 6-րդ տեղում: 

Լյուիս Հեմիլթոնը Մեծ Բրիտանիայի Գրան-պրիի ժամանակ

Այնուհետ պայքարը թևակոխեց մարտավարական փուլ, և առաջին պլան դուրս եկան անվադողերի հետ աշխատանքն ու մեխանիկների թիմի արագությունը: Տասնիններորդ շրջանին պայքարից դուրս մնաց Շարլ Լեկլերը Sauber-ից, ով մինչ այդ կայացած երկու մրցափուլերում միավորներ էր վաստակել: Շվեյցարական թիմի անախորժությունները շարունակվեցին և հետագայում, երբ Մարկուս Էրիկսոնը դուրս թռավ մրցուղուց և բախվեց պաշտպանիչ պատին: Մրցարշավորդը չտուժեց, բայց մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենան:



Պայքարը վերսկսելուց հետո առաջատարի դիրքը ստանձնեց Բոթասը, որին հետապնդում էին Ֆեթելն ու Հեմիլթոնը: Ռայկկոնենն ու Ֆերսթապենը պայքարում էին չորրորդ տեղի համար: Սակայն քիչ անց միմյանց բախվեցին Կարլոս Սայնս ու Ռոման Գրոժանը, և կրկին մցուղի դուրս եկավ անվտանգության ավտոմեքենան:



Այս իրադարձություններից հետո էլ Բոթասը փորձում էր պահպանել առաջատարի դիրքը, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր ընկրկել Ֆեթելի գրոհների տակ: Քառասունութերորդ շրջանին Հեմիլթոնը ևս շրջանցեց թիմակցին, իսկ նախորդ մրցափուլի հաղթող՝ Մաքս Ֆերսթափենը դուրս մնաց պայքարից: Քիչ անց Բոթասին շրջանցեց նաև իր հայրենակիցը՝ Կիմի Ռայկկոնենը:



Ferrari-ի գերմանացի առաջատարը այդպես էլ չզիջեց իր դիրքերը և տոնեց 51-րդ հաղթանակը կարիերայում և չորրորդը ընթացիկ մրցաշրջանում: Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց Լյուիս Հեմիլթոնը, երրորդն էլ բաժին հասավ Ռայկկոնենին: Բացի նշվածներից Սիլվերսթոունում միավորներ վաստակեցին Բոթասը, Ռիկիարդոն, Հյուլկենբերգը, Օկոնը, Ալոնսոն, Մագնուսենը և Պերեսը:


Այսպիսով Ֆեթելն ու Ferrari-ն ամրապնդեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ մարտահրավեր նետելով Mercedes-ին Գերմանիայի Գրան-պրիից առաջ:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari –             171 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes –              163 միավոր
3. Կիմի Ռայկկոնեն, Ferrari –                 116 միավոր
4. Դանիել Ռիկիարդո, Red Bull –          106 միավոր
5. Վալթերի Բոթաս, Mercedes –            104 միավոր


ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Scuderia Ferrari –                                     287 միավոր
2. Mercedes AMG Petronas Motorsport-     267 միավոր
3. Aston Martin Red Bull Racing –              199 միավոր
4. Renault Sport Formula 1 Team –                70 միավոր
5. Haas F1 Team –                                           51 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio