Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա 1՝ Red Bull-ի հաղթանակն ու Mercedes-ի ձախողումը Ավստրիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Հուլիս 2018

Ավստրիական մրցափուլը երկրորդն էր միմյանց հաջորդող երեք եվրոպական մրցափուլերի (Ֆրասնիա-Ավստրիա-Մեծ Բրիտանիա) շարքում, ինչը լուրջ լարվածություն էր առաջացրել թիմերի տեխնիկական անձնակազմերի համար: Հատկանշական է, որ Ֆրասնիայում հաղթանակ տոնած Mercedes-ը, հանդես գալով կատարելագործված շասսիով և ցուցադելով էլ ավելի տպավորիչ արագություն, այդպես էլ ոչ մի միավոր չվաստակեց: 



Ավստրիական մրցուղին աչքի է ընկնում կարճ շրջանով, ինչի պատճառով էլ գրանցվեց արդյունքների բացառիկ խտություն: Ուրբաթօրյա մարզումների ժամանակ առաջատարը Հեմիլթոնն էր, շաբաթ օրը հավասարը չուներ Սեբասթիան Ֆեթելը, իսկ փոուլը ի վերջո բաժին հասավ մեկ այլ մարզիկի՝ Mercedes-ը ներկայացնող Բոթասին: Առավել անհաջող ստացվեց Ֆերնանդո Ալսոնսոյի որակավորումը. McLaren-ի ինժեներները ստիպված էին խախտել փակ ավտոկանգառի ռեժիմը՝ իսպանացու բոլիդի առջևի հակաթևը և շարժիչի կառավարման MGU-K բլոկը փոխելու համար, ինչի հետևանքով թիմի առաջատարը մեկնարկեց միայն փիթ-լեյնից:



Պելոթոնի առջևում պայքարն սկսվեց անմիջապես մեկնարկից հետո՝ Հեմիլթոնը դուրս եկավ առաջին տեղ, իսկ Ռայկկոնենն էլ իր հերթին սկսեց գրոհել Բոթասին: Այս պայքարից օգտվեց Ֆերսթապենը, որը կարողացավ շրջանցել Ferrari-ներից մեկին: Միմյանց բախվեցին Գասլին ու Վանդորնը, ինչի հետևանքով բելգիացին ստիպված էր փոխել անվադողերը:



Տասներկուսից-տասնչորսերորդ շրջաններին պայքարից դուրս մնացին Renault-ն ներկայացնող Նիկո Հյուլկենբերգն ու այդ պահին երկրորդ տեղում ընթացող Վալթերի Բոթասը, որը չկարողացավ օգտվել փոուլի առավելությունից: Ֆինլանդացու Mercedes-ի տարհանման համար հայտարարվեց անվտանգության մեքենայի վիրոտւալ ռեժիմ, ինչը թույլ տվեց մրցարշավորդներից շատերին կատարել պիթ-ստոպեր: Դա չարեցին միայն Հեմիլթոնը, Մագնուսենն ու Պերեսը: Արդյունքում 25-րդ շրջանին կատարած պիթ-ստոպից հետո բրիտանացին մրցուղի վերադարձավ միայն չորրորդ տեղում:



Մրցափուլի վերջնական արդյունքների համար որոշիչ իրադարձություն տեղի ունեցավ 38-րդ շրջանին, երբ Ռայկկոնենն ու Հեմիլթոնը շրջանցեցին Դանիել Ռիկիարդոյին՝ դուրս գալով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղ: Մի փոքր անց Ֆեթելը կարողացավ իր հերթին շրջանցել Հեմիլթոնին, վերջինիս կրկին թողնելով չորրորդ տեղում: Լյուիսը որոշեց փոխել անվադողերը՝ մրցափուլի վերջնամասում տեմպը պահպանելու ակնկալիքով, և մրցուղի վերադարձավ երկրորդ Red Bull-ի հետևում: Ճիշտ է՝ մի քանի շրջան անց Ռիկիարդոն դուրս մնաց պայքարից փոխանցումատուփի անսարքության պատճառով:



Թվում էր՝ բրիտանացին կկարողանա պայքարել առնվազն պոդիումի համար, սակայն եզրագծից վեց շրջան առաջ երկրորդ Mercedes-ն էլ բախվեց տեխնիկական խնդիրների՝ զրկելով գերմանական թիմին միավորներ վաստակելու հնարավորությունից: Իսկ այս ամենից լիուլի օգտվեցին ամերիկյան Haas թիմի մրցարշավորդները, որոնք անսպասելի հաջող մրցափուլ անցկացրին Ավստրիայում: Այսպես, Ռոման Գրոժանը եզրագիծը հատեց չորրորդը՝ նվաճելով այս մրցաշրջանի իր առաջին միավորները, իսկ ֆրասնիացու թիմակից Մագնուսենն էլ հինգերորդն էր, ինչի շնորհիվ թիմային պայքարում Haas-ը շրջանցեց McLaren-ին:



Սեփական հարկի տակ հիանալի հանդես եկած Red Bull-ի մրցարշավորդ Մաքս Ֆերսթապենը տոնեց իր կարիերայի չորրորդ հաղթանակը, երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին հասան համապատասխանաբար Կիմի Ռայկկոնենին և Սեբասթիան Ֆեթելին, ինչը թույլ տվեց Սկուդերիային գլխավորել Կոնստրուկտորների գավաթը, իսկ Ֆեթելին էլ՝ անհատական հաշվարկը: Բացի նշված մրցարշավորդներից միավորներ վաստակեցին Օկոնն ու Պերեսը (երկուսն էլ՝ Force India), Ալոնսոն (McLaren), ինչպես նաև Sauber-ի պիլոտներ Լեկլերն ու Էրիկսոնը:

Առաջնության հաջորդ Գրան-պրին կկայանա առասպելական Սիլվերսթոունում, որը խոստանում է անզիջում և լարված պայքար: Իսկ արդեն իսկ կայացած մրցափուլերից հետո մրցաշարային աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari –              146 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes –               145 միավոր
3. Կիմի Ռայկկոնեն, Ferrari –                  101 միավոր
4. Դանիել Ռիկիարդո, Red Bull –             96 միավոր
5. Մաքս Ֆերսթապեն, Red Bull –             93 միավոր


ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Scuderia Ferrari –                                     247 միավոր
2. Mercedes AMG Petronas Motorsport-     237 միավոր
3. Aston Martin Red Bull Racing –              189 միավոր
4. Renault Sport Formula 1 Team –                62 միավոր
5. Haas F1 Team –                                          49 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio