ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Tesla Model 3-ը հավաքում են ձեռքով՝ ժամանակավոր վրանում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Հուլիս 2018
Հանրահայտ գործարար Իլոն Մասկը, որը հայտնի է բազում նորարարական գաղափարներով և հանդիսանում է Tesla Motors ընկերության հիմնադիրը, հայտարարեց, որ Tesla Model 3-ի արտադրությունը վերջապես հասավ նախապես մատնանշված ցուցանիշներին, այն է՝ շաբաթական 5000 ավտոմեքենայի: Հատկանշական է, որ դա հնարավոր դարձավ միայն ոչ սովորական մեթոդների կիրառման շնորհիվ. ընկերությունը ստիպված ժամանակավոր վրան է կառուցել, որտեղ ձեռքով հավաքվում են ավտոմեքենաները:
Tesla Model 3-ի արտադրությունը պաշտոնապես սկսվել է անցած տարի, սակայն մինչ օրս այն չէր հասել նախատեսված ցուցանիշներին: Կանոնակարգված աշխատանքին խանագարում են բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, այդ թվում նախագծման սխալները, թերի մատակարարումները, աշխատակիցների ցածր որակավորումը և այլն: Այս ամենի հետևանքով զգալի հերթեր են կուտակվել ավտոմեքենան նախապես պատվիրած հաճախորդենրի շարքերում:
Սեփական խոսքի տերը լինելու համար Մասկը դիմեց աննախադեպ քայլի՝ հիմնելով հավաքման արտադրամաս գրեթե բաց երկնքի տակ: Թե որքան որակյալ կլինի նման արտադրությունը կկարողանան գնահատել 420 000 հոգուց բաղկացած սպասման ցանկում ընդգրկված պատվիրատուները: Համեմատության համար մինչ օրս թողարկած յուրաքանչյուր 10 ավտոմեքենաներից 9-ը ունեն որոշակի թերություններ, որոնք ընկերությունը ստիպված է վերացնել նախավաճառքային կամ հետվաճառքային փուլերում: Հիշեցնենք, որ մինչ օրս իրացվել է 28 386 հատ Tesla Model 3:
Իլոն Մասկը խոստանում է վերացնել ժամանակավոր վրանային արտադրությունը անմիջապես այն բանից հետո, երբ հիմնական արտադրամասը կսկսի թողարկել սահմանված քանակությամբ ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով դա տեղի կունենա արդեն այս օգոստոսին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: