Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆորմուլա 1՝ Ferrari-ն հաղթում է Կանադայում 14 տարվա ընդմիջումից հետո: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16 Հունիս 2018

Կանադայի Գրան-պրին ողջ մրցաշրջանի առավել հետաքրքիր փուլերից մեկն է և առաջինը, որտեղ բոլիդները կարգավորվում են ցածր սեղմիչ ուժով աշխատելու համար: Բացի այդ թիմերի մեծ մասն այստեղ ստանում են նոր շարժիչներ: Գումարած Մոնրեալի հիասքանչ մթնոլորտը՝ կստանանք իսկական շոու, որին սպասում են երկրպագուները:



Երեք տարվա բացարձակ գերիշխանությունից հետո, այս տարի Mercedes-ն իր դիրքերը զիջեց մրցակիցներին: Այսպես, մարզումային օրերին իրեն հավասարը չուներ Red Bull-ը, իսկ որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց տվեց Ferrari-ի ներկայիս առաջատար՝ Սեբասթիան Ֆեթելը: Ինչպես միշտ առաջին վեց հորիզոնականնեը միմյանց հետ բաժանեցին երեք առաջատար թիմերի պիլոտները:



Հաշվի առնելով, որ կանադական մրցուղին հարմար է վազանցների համար՝ ենթադրվում էր, որ պայքարը կլինի  բավական սուր և անզիջում: Մեկնարկից հետո Ֆեթելը կարողացավ պահպանել առաջատարի դիրքը, նրա հետևում Ֆերսթապենը անհաջող գրոհ ձեռնարկեց Բոթասի դիրքերի վրա, իսկ մյուս Red Bull-ի ղեկին Դանիել Ռիկիարդոն առաջ անցավ Կիմի Ռայկկոնենից:



Սակայն ինչպես Կանադայում կայացած գրեթե բոլոր մրցափուլերի ժամանակ, այս անգամ էլ պիլոտները չկարողացան խուսափել խոշոր վթարից: Արդեն երկրորդ շրջանին Williams-ը ներկայացնող Լենս Սթրոլը և Toro Rosso-ի մրցարշավորդ Բրենդոն Հարթլին բախվեցին ուղիղներից մեկի վրա, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին պայքարից: Այս վթարն, ի դեպ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ֆորմուլա 1-ի ներկայիս բոլիդներն աչքի են ընկնում անվտանգության չափազանց բարձր մակարդակով, քանի որ արտաքինից գրեթե ամբողջովին քանդված ավտոմեքենաներից պիլոտները դուրս եկան առանց որևէ նկատելի վնասվածքի:



Անվտանգության մեքենան մի քանի շրջան անցկացրեց մրցուղում, քանի դեռ մարշալները հավաքում էին բեկորները: Դրա հեռանալուց հետո պայքարը հիմնականում թևակոխեց մարտավարական փուլ: Պիլոտները, մանավանդ միավորային գոտում գտնվողները, չափազանց զգույշ էին և գործում էին գրեթե անսխալ: Եղանակն էլ իր հերթին չէր նպաստում զանազան մարտավարական հնարքների կիրառմանը, ինչի հետևանքով լուրջ պայքար այլևս չստացվեց: 



Չնայած այն հանգամանքին, որ սխալմամբ մրցափուլի ավարտը տրվեց մեկ շրջան ավելի շուտ, Սեբասթիան Ֆեթելը վստահորեն պահպանեց առաջատարի դիրքը՝ 14 տարվա ընդմիջումից հետո Ferrari-ին պարգևելով Կանադայում հաղթելու բերկրանքը և դրան զուգահեռ վերադառնալով ընդհանուր հաշվարկի առաջին հորիզոնական: Երկրորդը եզրագիծը հատեց Վալթերի Բոթասը, երրորդը Մաքս Ֆերսթապենն էր: Բացի նշված երեք մարզիկներից միավորներ վաստակեցին նաև Դանիել Ռիկիարդոն, Լյուիս Հեմիլթոնը, Կիմի Ռայկկոնենը, Նիկո Հյուլկենբերգը, Կարլոս Սայնսը, Էսթեբան Օկոնն ու Շարլ Լեկլերը: 



Հատկանշական է, որ համեմատաբար հաջող մեկնակից հետո երկրորդ մրցափուլն անընդմեջ միավորներ չվաստակեցին McLaren-ի պիլոտները: Ալոնսոն, որը երկար ժամանակ ընթանում էր միավորային գոտում, 42-րդ շրջանին դուրս մնաց պայքարից ուժային ագրեգատի հզորության կորստի պատճառով, իսկ Սթոֆել Վանդորնն էլ, վնասելով անվադողերը առաջին շրջաններին, գործնականում զրկվեց միավորների համար պայքարելու հնարավորությունից: Սա թույլ տվեց Renault-ին մեծացնել առավելությունը բրիտանական թիմի նկատմամբ Կոնստրուկտորների գավաթում:


Հաջորդ Գրան-պրին կկայանա Ֆրասնիայում՝ հանրահաը Պոլ-Ռիկար մրցուղում: Ակնկալվում է ուշագրավ պայքար, որին մենք ևս կհետևենք՝ մեր ընթերցողներին այն ներկայացնելու նպատակով:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari –         121 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes –          120 միավոր
3. Վալթերի Բոթաս, Mercedes –         86 միավոր
4. Դանիել Ռիկիարդո, Red Bull –        84 միավոր
5. Կիմի Ռայկկոնեն, Ferrari –              68 միավոր


ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Mercedes AMG Petronas Motorsport-    206 միավոր
2. Scuderia Ferrari –                                   189 միավոր
3. Aston Martin Red Bull Racing –              134 միավոր
4. Renault Sport Formula 1 Team –              56 միավոր
5. McLaren F1 Team –                                  40 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio