Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր սերնդի Volvo S60՝ 415 ձ.ուժ հզորության անդիմադրելի հմայքը: (ԵՐԿՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Հունիս 2018

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի S60 սեդանը: Մոդելի նորամուտը կայացավ ամերիկյան Չարլզթոն քաղաքում գործարանի բացման ժամանակ, որտեղ էլ նախատեսվում է կազմակերպել մոդելի արտադրությունը թե տեղական, թե համաշխարհային շուկայի համար: Հատկանշական է, որ նոր S60-ը ապրանքանշանի առաջին մոդելն է, որի շարժիչների շարքում կբացակայի դիզելային ագրեգատը:



Volvo S60-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4761 միլիմետր, լայնությունը՝ 2040 միլիմետր (ներառյալ հայելիները), բարձրությունը՝ 1431 միլիմետր, իսկ անվային բազայի չափսը 2872 միլիմետր է: Իր նախորդի համեմատ նորույթը 126 մմ ավելի երկար է, 96 մմ մեծացել է նաև անվային բազան, ինչի շնորհիվ ավոտմեքենան գերազանցել է հիմնական մրցակից՝ 3-րդ սերիայի  BMW-ին:  Այլ տվյալներից նշենք, որ S60-ի բեռնախցիկի ծավալը 380 լիտրից աճել է մինչև 442 լիտր, իսկ ծալելով հետևի նստատեղերը այս ցուցանիշը կարելի է հասցնել 1680 լիտրի:  



Սեդանը կառուցված է SPA (Scalable Product Architecture) մոդուլային հենահարթակի վրա, որն արդեն իսկ կիրառվել է XC60 քրոսովերի, ինչպես նաև 90-րդ սերիայի մոդելների և V60 ունիվերսալի նախագծման ժամանակ:



S60 սեդանի բազային շարժիչը երկուլիտրանոց քառագլան տուրբոագրեգատն է՝ 249 ձ.ուժ հզորությամբ: Այս համալրումը կառաջարկվի առջևի քարշակմամբ: Լիաքարշ տարբերակը կսարքավորվի 310 ձ.ուժ հզորությամբ շարժիչով:



Բացի այդ մոդելը շոիկա կհանվի երկու լիքարշ հիբրիդային մոդիֆիկացիաներով՝, T6 և T8 Twin Engine AWD, որոնց ուժային ագրեգատները ապահովում են համապատասխանաբար 340 և 400 ձ.ուժ հզորություն: Սրանցից ամենահզորը թույլ կտա իրականացնել 0-ից 100 կմ/ժ թափառքը 4,9 վայրկյանում:



Առավել շքեղ համալրման համար հասանելի կլինի ֆիրմային Polestar Engineered փաթեթը: Դրա շնորհիվ շարժիչի հզորությունը կհասցվի 415 ձ.ուժ, կտեղադրվեն ավելի հզոր Brembo  արգելակներ՝ ոսկեգույն ենթակիրներով, կարգավորվող Öhlins մեղմիչներ և առջևի կախոցի կանգնակների պահանգ:  



Մոդելի առանձնահատկություններից հիշատակման են արժանի նաև կիսաինքնավար համակարգի առկայությունը (վերահսկում է թափառքը, արգելակումը և մինչև 130 կմ/ժ արագության պայմաններում ղեկային կառավարումը), ինչպես նաև հետիոտների և խոշոր կենդանիերի հայատանբերման, հանդիպակաց շարքում հայտնվելը կանխող ու հատվող ուղղությամբ շարժվող ավտոմեքենաների մասին նախազգուշացման համակարգերը: 


ԱՄՆ-ում կգործարկվի S60 սեդանի բաժանորդագրման Care by Volvo ծառայությունը: Այն ենթադրում է ամսական վճար ավտոմեքենան շահագործելու համար, որը ներառում է բոլոր պարտադիր մուծումները, ներառյալ ապահովագրությունն ու հարկերը:  Օգտատերը լրացուցիչ ստիպված կլինի վճարել միայն վառելիքի համար: Այս ծառայությունը վաղուց արդեն գործում է Շվեդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:


Volvo S60 սեդանի հասանելիությունը Հայաստանում հնարավոր է ճշտել ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ "Ֆորա” ընկերությունում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio