Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնապես ներկայացվել է 8-րդ սերիայի նոր BMW կուպեն: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Հունիս 2018

BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի 8-րդ սերիայի կուպեն: Մոդելը, որն իր նորամուտը գրանցեց «Լը-Մանի 24 ժամ» մառաթոնի ընթացքում, կառուցվել է մոդուլային հենահարթակի վրա, ստացել է ադապտիվ կախոց և ամբողջովին կառավարելի շասսի:



Չորս նստատեղով կուպեի գաբարիտային երկարությունը կազմում է 4843 միլիմետր, լայնությունը՝ 1902 միլիմետր, բարձրությունը՝ 1341 միլիմետր, իսկ անվային բազայի չափսը հասնում է 2822 միլիմետրի: Այսպիսով՝ նոր սերունդը 51 մմ ավելի կարճ է, 8 մմ ավելի լայն և 28 մմ ավելի ցածր է 6-րդ սերիայի կուպեից, որի արտադրությունը կդադարեցվի: 



Նորույթը կառուցված է մոդուլային CLAR հենահարթակի վրա: Առջևում կիրառվում է երկլծականի կախոց, իսկ հետևում հինգլծականի: Պնևմատիկ տարբերակ չի առաջարկվում, իսկ բազայի զսպանակային կախոցը սարքավորված է ադապտիվ մեղմիչներով: Ամբողջովին կառավարելի շասսին թույլ է տալիս մինչև 72 կմ/ժ արագության դեպքում (իսկ Sport և Sport+ ռեժիմներում՝ մինչ 88 կմ/ժ) թեքել հետևի անիվները մինչև 2,5 աստիճանով:



Կուպեի կառուցվածքում կիրառված է մեծ քանակությամբ ալյումին: Դրանից են պատրաստված տանիքը, դռները, կապոտն ուառջևի պատը: Մագնեզիումի համաձուլվածքը  օգտագործված է առջևի վահանակի տակ գտնվող լայնակի ձողի արտադրության մեջ, իսկ ածխամանրաթելը՝ կենտրոնական թունելի համար: Որպես օպցիա կարելի է պատվիրել կարբոնային տանիք, թափքի որոշ պանելներ և աերոդինամիկ մի քանի տարրեր: Այս ամենով հանդերձ ստանդարտ համալրմամբ ավտոմեքենայի քաշը կազմում է 1830 կգ:  



Նոր սերնդի 8-րդ սերիայի կուպեն առաջարկվում է երկու մոդիֆիկացիայով (երկուսն էլ լիաքարշ)՝ բենզինային M850i xDrive և դիզելային 840d xDrive: Առաջին տարբերակը սարքավորվում է 4,4 լիտր ծավալով ութգլանանի բիտուրբո շարժիչով, որը զարգացնում է 530 ձ.ուժ և  750 Նմ ոլորող մոմենտ, ինչը  80 ձ.ուժ և 100 Նմ ավելին է, քան 650i շարժիչի ցուցանիշը: Այս ագրեգատը թույլ է տալիս ավտոմեքենային 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,7 վայրկյանում: Դիզելային վեցգլանանի շարժիչը ունի 3,0 լիտր ծավալ և զարգացնում է 320 ձ.ուժ հզորություն և 680 Նմ ոլորող  մոմենտ, որոնց շնորհիվ տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը կատարվում է 4,9 վայրկյանում: Երկու շարժիչներն էլ համադրվում են 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: 



Կուպեն ստացել է նաև սարքավորումների 12,3-դյույմանոց էլեկտրոնային վահանակ և նոր սերնդի iDrive մուլտիմեդիա համալիր՝ 10,25-դյույմանոց դիսփլեյով, Microsoft Office 365 ծրագրեր աշխատացնելու և  Skype հեռակոնֆերանսներ անցկացնելու հնարավորությամբ: 



Սարքավորումների ցանկը ներառում է նաև առջևի լազերային լուսարձակները, գիշերային տեսանելիության և շրջանածիր տեսադաշտի համակարգերը, պրոյեկցիոն դիսփլեյը և մինչև 210 կմ/ժ արագության դեպքում աշխատող ադապտիվ քրուիզ-կոնտրոլը:  


Նոր ավտոմեքենայի վաճառքները կմեկնարկեն արդեն այս տարվա նոյեմբերին: Ենթադրվում է, որ մոտ ապագայում մոդելային շարքը կհամալրվի նաև 600 ձ.ուժ հզորությամբ M8 տարբերակով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio