ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆորմուլա E՝ ավտոսպորտը վերադառնում է Շվեյցարիա, իսկ գործող չեմպիոնը տոնում է մրցաշրջանի առաջին հաղթանակը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Հունիս 2018
Ֆորմուլա E առաջնության հերթական փուլը կայացավ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում և ավարտվեց գործող չեմպիոն՝ Լուկաս դի Գրասիի հաղթանակով, որն առաջինն էր բրազիլացու համար ընթացիկ մրցաշարջանում: Իսկ մրցափուլն ինքնին նշանավորեց ավտոսպորտի վերադարձը Շվեյցարիա՝ 63 տարի տևած պետական արգելքից հետո:
Ցյուրիխը դարձավ առաջին շվեյցարական քաղաքը, որը վաթսուներեք տարի անց ընդունեց ավտոսպորտային միջոցառում: Արգելքը սահմանել էր երկրի կառավարությունը դեռևս 1955 թ, երբ ֆրանսիական Լը-Ման քաղաքում կայացած մրցավազքի ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց ավելի քան 80 հանդիսատես: Այդ օրվանից սկսած Շվերյցարիայում ոչ մի մակարդակի ավտոմրցում չի անցակցվել: Նույնիսկ Ֆորմուլա 1-ի 1982 թ Շվեյցարիայի Գրան-պրին տեղի ունեցավ ֆրանսիական Դիժոն քաղաքում: Եվ ահա ավտոսպորտը վերադարձավ, և բացառություն արվեց Ֆորմուլա E մրցաշարին, որը աչքի է ըկնում կատարյալ անվտանգությամբ և էկոլոգիական բարձր ցուցանիշներով:
Հետաքրքիր է, որ Լուկաս դի Գրասին նախորդ օրը չկարողացավ նույնիսկ պայքարել «սուպերպոուլի» համար՝ ցույց տալով միայն վեցերորդ արդյունքը: Իսկ լավագույն ցուցանիշը գրանցեց Jaguar Racing-ի բրիտանացի մրցարշավորդ Միչ Էվանսը, ինչը դարձավ երիտասարդ մարզիկի լավագույն ցուցանիշը կարիերայում: Նրան մի փոքր զիջեցին Անդրե Լոթերերը Techeetah-ից, ինչպես նաև Սեմ Բյորդն ու Ժերոմ դ’Ամբրոզիոն, իսկ հինգերորդ հորիզոնականից մեկնարկեց Dragon Racing-ի երկրորդ պիլոտ՝ Խոսե-Մարիա Լոպեսը:
Մեկնարկին առաջատարները պահպանեցին իրենց դիրքերը, իսկ Լոպեսը նահանջեց 7-րդ տեղ: Միևնույն ժամանակ Նելսոն Պիքե-կրտսերը բախվեց Դանիել Աբտի Audi-ին՝ կոտրելով գերմանացու բոլիդի հետևի հակաթևը: Երրորդ շրջանին դի Գրասին ու Բուեմին հաջորդաբար շրջանցեցին դ’Ամբրոզիոյին: Հետագայում մրցավազքի ընթացքը մի փոքր հանգստացավ, եթե չհաշվենք Էդուարդո Մորտարայի վթարը:
Իսկ դի Գրասին, որը վերջին չորս մրցափուլերում պարտադիր տեղ էր զբաղեցրել առաջին եռյակում, որոշեց չսպասել պիթ-ստոպերին՝ նախ շրջանցելով Սեմ Բյորդին, իսկ 20-րդ շրջանին երկրորդ տեղի համար պայքարում՝ նաև Անդրե Լոթերերին: Դրանից մի քանի շրջան անց Ժան-Էրիկ Վերնը բախվեց Ռոզենքվիստին, իսկ դի Գրասին էլ օգտվեց Էվանսի սխալից և ստանձնեց առաջատարի դիրքը:
Պարզվեց, որ բրազիլացու տեմպը զգալիորեն բարձր է, քան մրցակիցներինը, և նա արագորեն մեծացրեց առավելությունը, ինչին չխանգարեց նույնիսկ անվտանգության FCY ռեժիմը, որը հայտարարվել էր Վերնի և Ռոզենքվիստի բոլիդների վթարից հետո մրցուղում հայտնվաց բեկորները հավաքելու նպատակով: Ի վերջո դի Գրասին վստահորեն պահպանեց առաջին տեղը, երկրորդը Սեմ Բյորդն էր, իսկ երրորդը՝ Ժերոմ դ’Ամբրոզիոն: Ընթացիկ առաջնության առաջատար Ժան-Էրիկ Վերնը եզրագիծը հատեց միայն 10-րդ տեղում, ինչը թույլ տվեց մրցակիցներին կրճատել տարբերությունը և սրեց պայքարը չեմպիոնության համար:
Շվորյցարիայից Ֆորմուլա E-ն կմեկնի արդեն օվկիանոսից այն կողմ՝ Նյու-Յորք, որտեղ կկայանան առաջնության վերջին երկու Գրան-պրիները: Դրանց մենք կրկին կհետևենք Formula E առաջնության անվադողերի մատակարար՝ Michelin ընկերության Հայաստանյան միակ ներկայացուցչի՝ «Վիտեսս» ընկերության աջակցությամբ:
ՄՐՑԱՇԱՐՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Անհատական հաշվարկ
1. Ժ-Է.Վերն – 163 միավոր
2. Ս.Բյորդ – 140 միավոր
3. Լ.դի Գրասի – 101 միավոր
4. Ս.Բուեմի – 92 միավոր
5. Ֆ.Ռոզենքվիստ - 86 միավոր
Թիմային հաշվարկ
1. Techeetah – 219 միավոր
2. Audi Sport ABT Shaeffler – 186 միավոր
3. Virgin Racing – 157 միավոր
4. Mahindra Racing – 116 միավոր
5. Panasonic Jaguar Racing - 105 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: