ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտնի են Car Design Award 2018 մրցանակաբաշխության հաղթողները:
11 Հունիս 2018
Իտալական Թուրին քաղաքում կայացավ Car Design Award 2018 ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը: Տասներկու ավտոլրագրողներից կազմված ժյուրին հայտարարեց «կոնցեպտ», «սերիական ավտոմեքենա» և «ապրանքանշանի դիզայներական լեզու» անվանակարգերում հաղթած մոդելների անունները:
Վերջին տարվա ընթացքում ստեղծված կոնցպեպտների մեջ ամենաբարձր գնահատականները ստացավ Honda Urban EV քաղաքային հեչբեքը: Լրագրողները գնահատեցին ճապոնական ապրանքանշանի դիզայներների աշխատանքը՝ ռետրո-մոտիվներն ու ֆուտուրիստական գեղագիտությունը համադրելու համար:
Քվեարկության արդյունքներով Honda-ին մի փոքր զիջել են Նյու-Յորքի ավտոսրահում ցուցադրված էլեկտրական Genesis Essentia կուպեն և Տոկիոում իր նորամուտը նշած Mazda Vision Coupe կոնցեպտը:
Սերիական ավտոմեքենաների անվանակարգում առավելագույն միավորներ հավաքեց Jaguar E-Pace քրոսովերը: Ժյուրիի անդամները նշեցին. «Այն բազում գծեր է ժառանգել ավելի բարձր դասի մոդելից, սակայն հանդես չի գալիս որպես F-Pace քրոսովերի փոքրացված պատճեն: Այն առանձնանում է սեփական ուժեղ բնավորությամբ:»
Jaguar-ին մի փոքր զիջեց մեկ այլ անգլիական ապրանքանիշ՝ Aston Martin-ը, որը մրցանակ ստացավ Vantage մոդելի համար: Երրորդ տեղն էլ բաժին հասավ Volvo-ին պատկանող Polestar ապրանքանշանի նոր էլեկտրական կուպեին:
Եվ վերջապես, լավագույն դիզայներական լուծումների համար ժյուրին առանձնացրեց Volvo-ն: Ժյուրին առանձնակի նշեց այն կերպարանափոխումը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին, ինչպես նաև նոր մոդելներում սկանդինավյան ավանդական դիզայնի վերաիմաստավորումն ու լուսային սարքավորւմների բացառիկ տեսքը:
Հիշեցնենք, որ Car Design Award մրցանակը հիմնվել է 1984 թ. իտալական Auto & Design ամսագրի կողմից և հանձնվում էր ամեն տարի մինչև 1997 թ: Որոշ ընդմիջումից հետո այն կրկին վերածնվեց 2016 թ և ներկայումս միավորում է տասներկու լրագրողների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և Ասիայից: Անցած տարի բարձրագույն մրցանակներին արժանացան Jaguar I-Pace էլեկտրական կոնցեպտը, սերիական Ford GT սպորտկարը և Land Rover ապրանքանշանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: