ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ երկնքից երեք խնձոր ընկավ: Հաղթանակը ընտրում է Հեմիլթոնին: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 Ապրիլ 2018
Կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2017-2018 թթ մրցաշրջանի չորրորդ մրցափուլը: Ուշագրավ, լարված ու անզիջում պայքարում ճակատագիրը բարեհաճ գտնվեց Mercedes-ի առաջատար՝ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ, որն իր առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում:
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Գրան-պրին, չնայած ոչ երկար պատմությանը, արդեն իսկ ապացուցել է իր անկանխատեսելիությունը, ու պատահական չէ, որ նախորդ երկու տարիներին մրցանակակիրների ցանկում հանդիպել են այնպիսի անուններ, ինչպիսին է, օրինակ, Լենս Սթրոլը Williams-ից: Ինչպես և այլ քաղաքային մրցուղիներում, այստեղ էլ կարևորագույն նշանակություն ունի որակավորման փուլը: Եթե նախկինում մրցարշավորդները բողոքում էին շոգից (մրցափուլը մինչ այս անցկացվում էր հուլիսին), ապա ապրիլին հիմնական գործոններից մեկը դարձավ քամին, որը սակայն չխանգարեց Սեբասթիան Ֆեթելին նվաճել երրորդ անընդմեջ փոուլը: Նրա գլխավոր մրցակիցը՝ Հեմիլթոնը, երկրորդն էր:
Արդեն իսկ առաջին շրջանից սկսած Բաքվի նեղ փողոցներում սկսեցին տեղի ունենալ բազմաթիվ մեծ և փոքր միջադեպեր: Մրցավազքից դուրս մնաց Force India-ն ներկայացնող Էսթեբան Օկոնը, բախվեցին Սերգեյ Սիրոտկինն ու Սերխիո Պերեսը, իսկ Էրիքսոնի և Մագնուսենի միջադեպից հետո, վերջինս տուգանվեց 10 վայրկյանով: Ֆերնանդո Ալոնսոն ստիպված էր վերադառնալ բոքսեր՝ ծակված անվադողը, իսկ Կիմի Ռայկկոնենն էլ՝ բոլիդի առջևի հակաթևը փոխելու: Այս խառնաշփոթի հետևանքով որոշում կայացվեց մրցուղի հանել անվտանգության մեքենան:
Մրցավազքի վերսկսելուց հետո Ֆեթելը պոկվեց Հեմիլթոնից, իսկ պելոտոնի միջնամասում շարունակվեց անզիջում պայքարը: Բախվելով պատին՝ պայքարից դուրս մնաց Renault-ի առաջատար՝ Նիկո Հյուլկենբերգը: Իսկ առավել լարված մրցակցություն ծավալվեց Red Bull-ի երկու մրցարշավորդների միջև: Դանիել Ռիկիարդոն և Մաքս Ֆերստապենը բաց չէին թողնում առիթը՝ մեկը մյուսին շրջանցելու: Այս ամենը լարվածության մեջ էր պահում առաջին հերթին թիմի ղեկավարությանը, և ի վերջո տխուր ավարտ ունեցավ: Անվադողերի հերթական փոփոխությունից հետո Ֆերստապենը մրցուղում հայտնվեց ավստրալացուց առաջ: Ռիկիարդոն 40-րդ շրջանին փորձեց հերթական անգամ առաջ անցնել, սակայն չկարողացավ խուսափել բախումից, որի հետևանքով երկու բոլիդներն էլ դուրս մնացին պայքարից և կրկին դուրս եկավ անվտանգության մեքենան:
Անվտանգության ռեժիմի ներքո իր մեքենան ջարդեց Haas-ի պիլոտ Ռոմեն Գրոժանը: Առաջին հայացքից միջադեպը լուրջ էր, սակայն բժիշկների միջամտությունը բարեբախտաբար չպահանջվեց: Ի վերջո մրցափուլի ճակատաիգիրը որոշվեց վերջին մի քանի շրջանների ընթացքում թարմ անվադողերով իրականացվող պայքարում: Մեկնարկի պահին առաջատարը Mercedes-ի ֆինլանդացի մրցարշավորդ Վալթերի Բոթասն էր, որին հետապնդում էին Ֆեթելն ու Հեմիլթոնը:
Անվտանգության մեքենայի հեռանալուց հետո Ֆեթելը սխալվեց՝ առաջ թողնելով Հեմիլթոնին, Ռայկկոնենին, իսկ այնուհետև և Force India-ն ներկայացնող Պերեսին: Եվ երբ թվում էր, որ ամեն ինչ վճռված է, բախտը ևս մեկ անգամ որոշեց խառնվել իրականությանը: Եզրագծից մեկ շրջան առաջ Բոթասի բոլիդի անվադողը պայթեց, իսկ հաղթանակը, ասես երկնքից ընկած, բաժին հասավ Հեմիլթոնին, որը դարձավ 63-րդը բրիտանացու կարիերայում: Երկրորդը եզրագիծը հատեց Ռայկկոնենի Ferrari-ն, իսկ երրորդը՝ Սերխիո Պերեսն էր:
Առաջին տասնյակում տեղ զբաղեցրին նաև Ֆեթելը, Սայնսը, Լեկլերը, Ալոնսոն, Սթրոլը, Վանդորնը և Հարթլին: Իսկ առաջնությունը Բաքվից կտեղափոխվի Իսպանիա, որտեղ էլ կկայանա Կատալունյայի հանարահայտ մրցափուլը՝ Բարսելոնայի Գարն-պրին:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Լյուիս Հեմիլթոն, Mercedes – 70 միավոր
2. Սեբասթիան Ֆեթել, Ferrari – 66 միավոր
3. Կիմի Ռայկկոնեն, Ferrari – 48 միավոր
4. Վալթերի Բոթաս, Mercedes – 40 միավոր
5. Դանիել Ռիկիարդո, Red Bull – 37 միավոր
ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ
1. Scuderia Ferrari – 114 միավոր
2. Mercedes AMG Petronas Motorsport- 110 միավոր
3. Aston Martin Red Bull Racing – 55 միավոր
4. McLaren F1 Team – 36 միավոր
5. Renault Sport Formula 1 Team – 35 միավոր
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: