ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ը ներկայացրեց ամենահզոր և արագ F-PACE-ը: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
05 Ապրիլ 2018
Բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է F-PACE քրոսովերի ամենահզոր և արագ՝ SVR տարբերակը: Ավտոմեքենայի նորամուտը կայացավ Նյու-Յորքում անցկացվող միջազգային ավտոսրահի շրջանակներում: «Լիցքավորված» ամենագնացը համալրվել է նորովի կարգավորված մեղմիչներով, ավելի կոշտ զսպանակներով, հետևի ակտիվ դիֆերենցիալով և արտանետման ավելի թեթև համակարգով:
Jaguar F-PACE SVR-ն առաջարկվում է 5-լիտրանոց V8 շարժիչով, որն ապահովում է 550 ձ.ուժ հզորություն և 680 Նմ ոլորող մոմենտ: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերը զարգացնում է 4,3 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 283 կմ/ժ:
Ստանդարտ ավտոմեքենայից F-PACE SVR տարբերակն առանձնանում է առջևի թափարգելի ավելի մեծ օդակլանիչներով, կողաթևերի օդափոխիչ ճեղքերով, նոր կապոտով, շեմքերի կողային վերդիրներով և հետևի սփոյլերով: Քրոսովերի վրա տեղադրված են առաջադեմ բնութագրերով զսպանակներ, որոնց կոշտությունը առաջնամասում մեծացվել է 30, իսկ հետնամասում՝ 10 տոկոսով: Լայնակի կայունության նոր ստաբիլիզատորի շնորհիվ թափքի կողաթեքումների մակարդակը նվազեցվել է հինգ տոկոսով:
F-PACE SVR-ի հիմնական առանձնահատկություններից են ակտիվ փականակներով արտանետման համակարգը (6,6 կգ ավելի թեթև, քան ստանդարտը) և էլեկտրոնային կառավարմամբ հետևիւ դիֆերենցիալը: Հատուկ այս տարբերակի համար վերածրագրավորվել է ադապտիվ կախոցի, ղեկային կառավարման և ճանապարհային ռեժիմները կառավարող էլեկտրոնիկայի աշխատանքը:
Jaguar F-PACE SVR մոդելի սարքավորումների ցանկը ներառում է հզոր կողային օժանդակմամբ սպորտային նստատեղերը, փոխանցումների փոխարկման ենթաղեկային ալյումինե թերթիկները, 10-դյույմանոց դիսփլեյով և 4G LTE տեխնոլոգիայով աշխատող մուլտիմեդիա համակարգը, ինչպես նաև սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակը:
Հիշեցնենք, որ Jaguar F-Pace-ի սերիական ամենահզոր տարբերակը սարքավորվում է 380 ձ.ուժ հզորությամբ և 460 Նմ ոլորող մոմենտով V6 շարժիչով, որը թույլ է տալիս ավտոմեքենային 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 5,5 վայրկյանում: Այս մոդելի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ: Jaguar-ի ողջ մոդելային շարքին, ներառյալ F-Pace ամենագնացը, կարելի է ծանոթանալ Հայաստանում ապրանքանշանի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: