Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota RAV4՝ նոր լիաքարշ համակարգ և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Ապրիլ 2018

Նյու-Յորքի ավտոսրահում Toyota ընկերությունը ներկայացրեց հինգերորդ սերնդի RAV4 քրոսովերը: Նախորդ տարի ցուցադրված FT-AC կոնցեպտի ոճով իրականացված ավտոմեքենան ստացել է նոր հենահարթակ,  թափքի և ինտերիերի  լիովին նոր դիզայն և ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփ:



Նոր RAV4-ի հիմքում ընկած է TNGA K մոդուլային կառուցվածքը, այն նույնը, որի հիման վրա ստեղծված է վերջին Camry-ն: Ինչպես նշում են Toyota-ում, այսպիսի կառուցվածքի շնորհիվ նոր քրոսովերի թափքը 57%-ով ավելի կոշտ է, քան նախորդ սերնդինը: Բացի այն, որ RAV4-ը առաջին քրոսովերն է, որը կառուցվել է այդ հենահարթակի հիման վրա, այն նաև Toyota-ի առաջին ավտոմեքենան է, որի վրա կիրառվում է ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը: Այն կարող է հաղորդել քարշուժի մինչև 50 տոկոսը հետևի անիվներին, ինչպես նաև բաշխել այն հետևի աջ և ձախ անիվների միջև կառավարելիությունը բարելավելու նպատակով:  Այս համակարգը առաջարկվում է բարձր համալրումների համար, իսկ հիբրիդային տարբերակի դեպքում ավտոմեքենան կհամալրվի հետևի անիվները սնուցող առանձին էլեկտրական շարժիչով: 



Նորույթի գաբարիտային երկարությունը նվազել է 10 մմ-ով և կազմում է 4595 միլիմետր, իսկ լայնությունը նույնքանով աճել է՝ 1855 միլիմետր, բարձրությունը կազմում է 1699 միլիմետր:  Էլ ավելի է մեծացել անվային բազան՝ ամբողջ 29 մմ, հասնելով 2689 միլիմետրի:  

ԱՄՆ-ում RAV4-ը կառաջարկվի 2,5-լիտրանոց բենզինային շարժիչով, որի հզորությունը դեռևս չի բացահայտվում (նախկին տարբերակը ապահովում էր 180 ձ.ուժ), ինչպես նաև ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Որպես տարբերակ հնարավոր կլինի ընտրել հիբրիդային ուժային ագրեգատը, որը ներառում  է 2,5-լիտրանոց շարժիչը, էլեկտրական շարժիչն ու վարիատորը: 



Քրոսովերը կստանա երեք մոդիֆիկացիա՝ XSE Hybrid, Limited և Adventure: Առաջինը առավել սպորտայինն է, այն առանձնանում է կախոցների, մեղմիչների և կառավարման այլ մեխանիզմների հատուկ կարգավորումներով:  Երկրորդն ամենաշքեղն է, իսկ երրորդն էլ առանձանանում է առավել արտահայտիչ արտաճանապարհային կեցվածքով:  


Նոր RAV4-ը սարքավորվում է լուսադիոդային լուսարձակներով, ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, ճակատային բախումների մասին նախազգուշացնող համակարգով, ճանապարհային նշանների ճանաչման, հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման համակարգերով, նոր մուլտիմեդիա համակարգով՝ 7- կամ 8-դյույմանոց էկրաններով, JBL աուդիոհամակարգով, ինչպես նաև  Amazon Alexa, Apple CarPlay և Android Auto ծրագրերի հետ համատեղելի լուծումներով:



ԱՄՆ-ում նոր RAV4-ի վաճառքները կսկվեն արդեն ամռանը, իսկ հիբրիդային տարբերակը շուկա կհանվի 2019թ.:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio