ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Volkswagen Touareg: Ավելի հզոր, քան երբևէ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Մարտ 2018
Volkswagen ընկերությունը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրեց լիովին նոր Touareg ամենագնացը: Ենթադրվում է, որ արդեն այս տարվա հուլիս-օգոստոսից կսկվեն նոր սերնդի Touareg-ի վաճառքները Ռուսաստանում և տարածաշրջանում:
Նոր սերնդի Volkswagen Touareg-ը կառուցված է MLB Evo մոդուլային հենահարթակի հիման վրա: Այս շասսին կիրառվել է նաև վերջին սերնդի Audi Q7, ինչպես նաև Bentley Bentayga և Lamborghini Urus ամենագնացների արտադրության ընթացքում: Touareg-ի սարքավորումները ներառում են ամբողջությամբ կառավարվող շասսին, ակտիվ մեղմիչները, լայնակի կայունության ակտիվ ստաբիլիզատորները և պնևմատիկ կախոցը:
Մեր տարածաշրջանում նոր Touareg-ը կառաջարկվի երկու բենզինային և մեկ դիզելային շարժիչներով: Առաջինները ներկայացված կլինեն 2.0 լ և 3.0 լ ծավալով և համպատասխանաբար 249 և 340 ձ.ուժ հզորությամբ ագրեգատներով: Դիզելային V6 շարժիչն առանձնանում է 3.0 լ ծավալով, որը նույնպես զարգացնում է 249 ձ.ուժ հզորություն: Բացառված չէ, որ հետագայում շարժիչների շարքը կընդլայնվի ավելի հզոր տարբերակներով, ինչպես նաև հիբրիդային շարժիչով:
Երրորդ սերնդի Touareg-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4878 միլիմետր, լայնությունը՝ 1984 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 1702 միլիմետր: Այսպիսով այն 77 մմ-ով ավելի երկար, 44 մմ-ով ավելի լայն և 7 մմ-ով ավելի ցածր է, քան իր նախորդը: Միևնույն ժամանակ 113 լիտրով մեծացել է բեռնախցիկի ծավալը, որն այժմ կազմում է 810 լիտր: Չնայած մեծացված չափսերին, ավտոմեքենայի թափքի զուտ զանգվածը 106 կգ-ով ավելի թեթև է, ինչին նպաստում է դրա արտադրության ժամանակ ալյումինի (48 տոկոս) և գերամուր պողպատների (52 տոկոս) կիրառումը:
Բոլոր տարբերակներն արդեն իսկ բազային համալրմամբ առաջարլկվում են ZF ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, լիաքարշ համակարգով, բազմասկավառակային կցորդիչով և կառավարող էլեկտրոնիկայի ռեժիմների ընտրության հնարավորությամբ: Այն ունի աշխատանքի վեց ռեժիմ (ներառյալ «էկո», «սպորտային» և «անհատական» տարբերակները), ինչպես նաև հատուկ արտաճանապարհային չորս ռեժիմ (օրինակ՝ «խճաքար», «ավազ» և նույնիսկ «օֆ-ռոադ էքսպերտ»), որոնք ներառված են «Off-road Pack» փաթեթի մեջ:
Touareg-ն առանձնանում է բոլոր Volkswagen-ների մեջ ամենամեծ համայնապատկերային ապակյա տանիքով (1270 մմ երկարությամբ և 825 մմ լայնությամբ), սրահի մթնոլորտային լուսավորմամբ (30 գույն՝ ըստ ընտրության) և կառավարվող հետևի նստատեղերով, որոնք կարող են տեղաշարժվել դեպի առաջ/հետ 160 մմ, իսկ թիկնակների թեքման անկյունը կարող է փոփոխվել 21 աստիճանով:
Նոր Touareg-ի գներն ու վերջնական համալրումները կհաղրոդվեն լրացուցիչ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: