ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆորմուլա E` ճակատագրի բարեհաճությունն ու համառությունը որոշում են հաղթողին Ուրուգվայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Մարտ 2018
Ուրուգվայի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Պունտա դել Էսթեում կայացավ Ֆորմուլա E առաջնության 2017-2018 մրցաշրջանի հերթական մրցափուլը: Համառ պայքարում հաղթանակը նվաճեց ընդհանուր հաշվարկի առաջատար` ֆրանսիացի մրցրաշավորդ Ժան-Էրիկ Վերնը: Պատվո պատվանդանի հաջորդ երկու աստիճաններին կանգնեցին համապատասխանաբար Լուկաս դի Գրասին և Սեմ Բյորդը:
Հնարավոր է՝ մրցափուլի արդյունքը լիներ մի փոքր այլ, եթե նախօրեին կայացած որակավորման փուլի արդյունքները չվերնայվեին դրա ավարտից հետո: Մրցավարները որոշեցին, որ լավագույն ժամանակը ցուցադրած դի Գրասին, ինչպես նաև Ալեքս Լինն ու Օլիվեր Թյորվին խախտել են մրցուղու սահմանները, ինչի համար պատժվեցին մեկնարկային մեկ դիրքի կորուստով: Այս որոշումից հետո փոուլ-դիրքը բաժին հասավ Ժան-Էրիկ Վերնին:
Մեկնարկից հետո առաջին հինգ մրցարշավորդները պահպանեցին իրենց դիրքերը, իսկ պելոտոնի հետնամասից իր վերելքը սկսեց Jaguar-ը ներկայացնող Միչ Էվանսը, որը նույնպես տուգանվել էր սխալ հավասարակշռված ավտոմեքենայով հանդես գալու համար և ստիպված էր մրցավազքը սկսել վերջին հորիզոնականից: Ի վերջո բրիտանացուն ընդամենը մի քանի վայրկյան չհերիքեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար, և նա բավարարվեց չորրորդ հորիզոնականով:
Մրցափուլը ծանր ստացվեց Renault e.dams թիմի համար: Մեր հայրենակից Նիկոլյա Պրոստը անընդհատ պայքարում էր ավտոմեքենայի հետ, բայց ի վերջո եզրագիծը հատեց միայն 15-րդ տեղում: Էլ ավելի բարդ էր Սեբասթիան Բուեմիի վիճակը, որը վնասեց մեքենան առաջին շրջաններից մեկում և ստիպված էր բոլորից շուտ փոխարինել բոլիդը, ինչը նշանակում էր, որ լիցքը կարող է մինչև վերջ չհերիքել: Արդյունքում այդպես էլ եղավ, և ֆրանսիացին միացավ մրցավազքը լքաց՝ Mahindra-ն ներկայացնող Նիկ Հայդֆելդին և Jaguar-ի մրցարշավորդ Նելսոն Պիքե-կրտսերին:
Հիմնական պայքարը հաղթողի կոչման համար շարունկավում էր մինչև վերջին շրջադարձը: Նախորդ տարվա չեմպիոն Լուկաս դի Գրասին ջանքեր չէր խնայում Վերնի դիմադրությունը կոտրելու համար, սակայն վերջինս ընտրում էր ամենաօպտիմալ հետագծերը՝ կանխելով գրոհի յուրաքանչյուր փորձ: Մի պահ ավտոմեքենաները նույնիսկ բախվեցին, բայց բարեբախտաբար կարողացան շարունակել պայքարը, որն ավարտվեց Techeetah-ի պիլոտի հաղթանակով: Արդյունքում Ժան-Էրիկ Վերնն ամրապնդեց իր առաջատարի դիրքը անհատական հաշվարկում, իսկ Techeetah-ն էլ պոկվեց մրցակիցներից թիմային պայքարում:
Այսպիսով, հարավամերիկյան մրցափուլից հետո Ֆորմուլա E առաջնությունը մեկնում է Եվրոպա: Հաջորդ մրցափուլը կկայանա Հռոմում, և մենք կհետևենք դրան մեր գործընկեր «Վիտեսս» ընկերության հովանավորությամբ, որը հանդիսանում է Հայաստանում Michelin ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: