ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայացավ «Այս Էյջ 2018 Ջիպ Տրիալ» միջազգային մրցույթը:
18 Մարտ 2018
Մարտի 18-ին, Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցավ «Այս Էյջ 2018» Ջիպ Տրիալ մրցաշավը, որն այս տարածաշրջանում անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել արտաճանապարհային վարորդների ու մեքենաների 25 անձնակազմեր Հայաստանից և Վրաստանից։ Վերջիններս մրցեցին 3 հիմնական դասերում։ Հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով դժվարանցանելի ճանապարհներ, մասնակից մեքենաները ադրենալինի զգալի չափաբաժին ապահովեցին ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար, որոնց թիվը հասնում էր 5000-ի:
Հաղթող ճանաչվեցին այն մարզիկները, որոնք ամենաարագը հաղթահարեցին մրցուղին` նվազագույն տուգանային միավորներով։ Հատկանշական է, որ երեք դասերում էլ հաղթողները հայազգի անձնակազմեր էին։ Մրցանակային տեղ գրավող անձնակազմերի անակնկալ նվերներն ապահովել էին մրցաշավին աջակցող ընկերությունները։ Առաջին դասում հաղթող ճանաչվեց Արմեն Ղազարյան-Էդգար Մայիլյան անձնակազմը, երկրորդ դասում՝ Անդրեյ Վերմիշյան-Սամվել Վարդանյան զույգը, իսկ երրորդ՝ ամենաբարդ դասում հաղթեց Դավիթ Մարտիրոսյան-Էդուարդ Ղայֆաջյան անձնակազմը։
Մրցանակաբաշխությունը և նվերների հանձնումը տեղի ունեցավ նույն օրը երեկոյան։ Իր ելույթի ժամանակ ակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշեց, որ այս մրցաշավը կարևորվում է առաջին հերթին նրանով, որ կազմակերպվել է բացառապես ակումբի անդամների ջանքերով, իսկ կազմակերպման աշխատանքներին իրապես աջակցել էր Հրազդանի քաղաքապետարանը իր ոստիկանական, բժշկական և ԱԻՆ անձնակազմերով։
Նշենք, որ մրցաշավը կազմակերպվել էր հայկական 4x4 օֆֆ-ռոուդ ակումբի կողմից, որն արդեն ինը տարի շարունակ կազմակերպում է տարածաշրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող աֆֆ-ռոուդ միջոցառումներ։ 4x4 ակումբը Հայաստանում արտաճանապարհային սպորտաձևերը և տուրիզմը զարգացնող առաջնային կառույցներից է։
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: