ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW iVision Dynamics էլեկտրական կոնցեպտը կստանա i4 սերիական անվանումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Մարտ 2018
BMW ընկերությունը Ժնևում ևս մեկ անգամ հաստատեց, որ շարունակում է աշխատել 2017 թվականին Ֆրանկֆուրտում ներկայացված iVision Dynamics մոդելի հիման վրա ստեղծվող նոր մոդելի վրա: Ավտոմեքենայի սերիական տարբերակը կստանա i4 և ոչ թե i5 անվանումն, ինչպես ենթադրվում էր նախկինում, ու կհավաքվի Մյունխենի գործարանում:
BMW iVision Dynamics-ի նախատիպը սարքավորվում է էլեկտրական ուժային ագրեգատով, որի բնութագրերն ընկերությունում գերադասեցին չբացահայտել: Մեկ լիցքավորումով ավտոմեքենան կարող է անցնել մինչև 600 կիլոմետր: Կոնցեպտի առավելագույն արագությունը հասնում է 200 կմ/ժ, իսկ 0-ից 100 կմ/ժ արագացումը կատարվում է մոտ չորս վայրկյանում:
BMW iVision Dynamics-ը զուրկ է ռադիատորի ավանդական վանդակաճաղերից: Թափքի առաջնամասի տարրերի մեծամասնությունը հիմնականում քողարկում է զանազան ցուցիչներն ու սենսորները՝ զուգահեռաբար ընդգծելով ապրանքանշանի ֆիրմային ոճը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում BMW-ն ներկայացրեց մինչև 2025 թվականը փլագին հիբրիդների և էլեկտրական ավտոմեքենաների շարքի զարգացման պլանը: Ըստ այդ փաստաթղթի BMW-ն կթողարկի շուրջ 25 նոր մոդել, այդ թվում տասներկուսը ամբողջովին էլեկտրական ուժային ագրեգատով: Նախատեսվում է, որ դրանցից ամենահզորը կսարքավորվի երեք էլեկտրական շարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի ավելի քան 800 ձ.ուժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: