Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեքդռնանի Range Rover բարձր արագությունների սիրահարների համար՝ 0-100 կմ/ժ 5,3 վայրկյանում:
06 Մարտ 2018

Ժնևում մեկնարկած միջազգային ավտոսրահում Land Rover ընկերությունը ներկայացրեց  Range Rover ամենագնացի երեքդռնանի տարբերակը՝ SV Coupe անվանմամբ: Մոդելը կթողարկվի սահմանափակ՝ 999 հատ քանակությամբ: Դրանցից յուրաքանչյուրի արժեքը Մեծ Բրիտանիայում կկազմի 240 000 ֆունթ սթերլինգ (մոտ 160 միլիոն դրամ): 

Նորույթը համալրվում է 5 լիտր ծավալով և շարժաբեր մղիչով V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 565 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 700 Նմ: Այս ուժային սարքավորումը համադրվում է ութաստիճան ավտոմատ ZF փոխանցումատուփով, ինչն էլ թույլ է տալիս  SV Coupe-ին արագանալ 0-100 կմ/ժ ընդամենը 5,3 վայրկյանում:



Ավանդական 5-դռնանի Range Rover-ի հետ նորույթը կիսում է միայն կապոտն ու բեռնախցիկի դռան ստորին հատվածը: Թափքի մնացած պանելները, որոնց մեծ մասը պատրաստված է ալյումինից, նախագծվել են հատուկ այս մոդելի համար: Առանձնակի աչքի են զառնում լիովոին նոր տեսք ստացած թափարգելներն ու ռադիատորի վանդակաճաղը:

Բազային մոդելի համեմատ SV Coupe-ն առանձնանում է նաև ութ միլիմետրով ավելի փոքր լուսածերպով (մինչև 212 մմ): Երբ ավտոմեքենայի արագությունը գերազանցում է 100 կմ/ժ, ավտոմեքենայի պնևմատիկ կախոցը իջնում է ևս 15 միլիմետրով:



Range Rover SV Coupe-ի համար առաջարկվող սարքավորումների ցանկը ներառում է նաև առջևի և հետևի նստատեղերի էլեկտրական կարգավորոմը, հեռավոր լուսավորության լազերային դիոդներով լուսադիոդային լուսարձակները,  հետևի դիֆերենցիալի բլոկավորման հնարավորությամբ մշտական լիաքարշ համակարգը, արտաճանապարհային պայմաններին ադապտացման նորագույն սերնդի համակարգն ու 23-դյույմանոց անվասկավառակները:



Ենթադրվում է, որ երեքդռնանի Range Rover Coupe-ի վաճառքները կսկսվեն 2018 թվականի չորրորդ եռամսյակում: Հայաստանում մոդելի հնարավոր հասանելիության և վաճառքների վերաբերյալ տվյալները կարող եք ճշտել Land Rover մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio