ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեթրոյթում ներկայացված առավել հետաքրքիր ավանդական մոդելները
18 Հունվար 2018
ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում անցկացվող ավտոցուցհանդեսն այս տարի աչքի էր ընկնում բազում ֆուտուրիստական կոնցեպտներով, սակայն դրանցից զատ այստեղ ներկայացվում են նաև սերիական ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսն առնվազն կարող են մեծ հաջողություն ունենալ ապագայում:
Մենք արդեն պատմել ենք նոր Mercedes-Benz G-դասի մասին: Այն իրոք ներկայացվեց Դեթրոյթում և, բնակնաբար, գտնվում էր այցելուների ուշադրության կենտրոնում: Գերմանական ընկերությունը ևս մեկ մոդել ցուցադրեց, այս անգամ հանրահայտ AMG փաթեթով: Խոսքը CLS53 ավտոմեքենայի մասին է, որը փոխարինելու է 63 ինդեքսով մոդելներին՝ միևնույն ժամանակ վերածվելով հիբրիդի: Այսպես, դրա ուժային ագրեգատը բաղկացած է 3,0-լիտրանոց շարային էլեկտրական տուրբոմղիչով շարժիչից և 48-վոլտանոց ստարթեր-գեներատորից, որն ունակ է կարճաժամկետ կտրվածքով մեծացնել շարժիչի հզորությունը 22 ձ.ուժ-ով:
Acura-ն հանդես եկավ երրորդ սերնդի RDX-ի նախատիպով, որը պատրաստված է Honda-ի հետ առնչություն չունեցող բոլորովին նոր հենահարթակի վրա: RDX-ը կրկին համալրվելու է տուրբոշարժիչով և ֆիրմային լիաքարշ համակարգով՝ SH-AWD: Ավտոմեքենան կսարքավորվի 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և ադապտիվ կախոցով:
Հատուկ ԱՄՆ շուկայի համար Toyota-ն ներկայացրեց առաջադեմ Avalon սեդանի նոր տարբերակը, որը նույնպես ստացել է նոր հենահարթակ, արտաքնապես մեծացել է և առանձնանում է ռադիատորի հսկայական չափերի վանդակաճաղով: Avalon-ը կհամալրվի երկու ուժային ագրեգատներից մեկով՝ 3,5-լիտրանոց V6 շարժիչ և 2,5-լիտրանոց քառագլան շարժիչի հիման վրա ստեղծված հիբրիդ: Սեդանի համալրումը ներառում է նաև ադապտիվ օպտիկան, ակտիվ կախոցը ու Amazon Alexa ձայնային օգնականը:
Volkswagen ընկերությունը հանդես եկավ երկու ավտոմեքենայով՝ VW Passat GT և Jetta: Ստանդարտ տարբերակից GT-ն առանձնանում է ավելի ցածր կախոցով, լուսադիոդային օպտիկայով, 19-դյույմանոց անվասկավառակներով և արտանետման համակարգի կրկնակի խողովակներով: Նոր Jetta-ն իր հերթին ավելի է մոտեցել ավանդական Passat-ին և Atlas ամենագնացին: Այն դարձել է ավելի մեծ, անցում է կատարել MQB մոդուլային հենահարթակին և համալրվելու 1,4 TSI շարժիչով և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով:
Կորեական ապրանքանշանները ներկայացված էին համապատասխանաբար Hyundai Veloster և Kia Forte (Եվրոպայում հայտնի է որպես Cerato) մոդելներով: Veloster-ը պահպանել է ասիմետրիկ դիզայնը (մեկ դուռ ձախից, երկուսը՝ աջից): Մոդելի կատարելագործված N-տարբերակը սարքավորվում է 278 ձ.ուժ հզորությամն և 352 Նմ ոլորող մոմենտով 2,0-լիտրանոց տուրբո շարժիչով, 6-աստիճան մեխանիկայով, ակտիվ կախոցով և բլոկավորվող դիֆերենցիալով: Kia Forte-ի թարմացումների ցանկը ներառում է վարիատորը, լուսադիոդային լուսարձակները, 8-դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը, անլար լիցքավորման հնարավորությունն ու ադապտիվ քրուիզ-կոնտրոլը:
Բնականաբար, չեն անտեսվել ԱՄՆ շուկայի նախասիրությունները արտահայտող սպեցիֆիկ ավտոմեքենաները: Այսպես Chevrolet-ն ցուցադրեց Silverado պիքապի նորացված տարբերակը՝ իր դասում ամենամեծ բեռնավորման հարթակով, որի նվազագույն ծավալը կազմում է 1784 լ, ինչը 20%-ով ավելին է, քան մրցակիցների ցուցանիշները: Ford ընկերությունն էլ ներկայացավ Mustang Bullitt մոդելով, որը նվիրված է կես դար առաջ թողարկված ֆիլմին՝ Սթիվ Մակքուինի գլխավոր դերակատարմամբ: Այն աչքի է ընկնում ֆիրմային էքսկլյուզիվ կանաչ գույնով: Այս հրեշը սարքավորվում է 482 ձ.ուժ հզորությամբ և 569 Նմ ոլորող մոմենտով 5,0-լիտրանոց շարժիչով, Shelby GT350-ից փոխառած ներթող կոլեկտորով և ադապտիվ կախոցով:
Ենթադրվում է, որ այս բոլոր ավտոմեքենաները շուտով կհայտնվեն ոչ միայն ԱՄՆ, այլև այլ երկների ճանապարհներին՝ ապացուցելով, որ չնայած էլեկտրական տեխնոլոգիաների ակտիվ զարգացմանը, ավանդական լուծումները դեռևս պահպանում են իրենց ամուր դիրքերը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: